8524

Խոսք է գնում 300 հազար ադրբեջանցիների` Հայաստան «վերադարձի» մասին. դա նշանակում է Հայաստանը ոչնչացնել ներսից. Արա Պապյան 

«Դետք»-ի զրուցակիցն է ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը:

- Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում մասնակցեցին ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որի շրջանակում տեղի ունեցավ նաև արտգործնախարարների եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ի՞նչ է տալու այս մասնակցությունը Հայաստանին և ի՞նչ զարգացումների ականատես կարող ենք լինել: 

- ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանի մանսկացությունը արարողակարգային բնույթ էր կրում, կազմակերպության 75 ամյակն էր, որին հրավիրված էին և մասնակցեցին: Բայց գագաթաժողովից հետո Ռուսաստանն արդեն սկսել է ոչ արդար ձևով քննադատել Հայաստանին: Ինչո՞ւ եմ ասում ոչ արդար, որովհետև դա արարողակարգային միջոցառում էր: Ասենք, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի` Թուրքիայի հետ տարեկան առնվազն մի քանի անգամ լրջագույն զորավարժություններ է իրականացնում, ունի 2021 թվականին ստորագրված «Շուշիի հռչակագիր», որի նպատակն է ոչ միայն զինված ուժերի համագործակցությունը, այլ նաև միացյալ զորխումբ ստեղծելը, բայց մենք չենք տեսնում որևէ քննադատություն, անգամ հիշատակում դրա մասին: Իսկ հայ-ամերիկյան զորավարժությունները, օրինակ, որ իրականության մեջ զորավարժություններ էլ չեն, այլ ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի կողմից անցկացվող միջոցառում, Ռուսաստանը դրանից մեծ աղմուկ է սարքում, որովհետև նրանց պատրվակ է պետք պարզապես` Հայաստանի վրա բարդելու հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մեղքը: 

-Ի՞նչ կասեք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպման մասին, արդյո՞ք դա մի քայլ առաջ էր հայ-ադրբեջանական բանակցությունների տեսանկյունից: 

-Դիվանագիտությունը շատ բանով նման է կամրջի, եթե կամուրջը ամբողջական չի, անկախ այն հանգամանքից, թե քանի տոկոսով է կառուցված, այն չես կարող օգտագործել: Հիմա ինչքան էլ ասեն` մեկ քայլ առաջ, միևնույն է` գործընթացը չի ամբողջացել, իսկ գործընթաց ասածը դա «խաղաղության պայմանագիրն» է: 

Ինչո՞ւ եմ ասում «այսպես ասած», որովհետև առաջին հերթին այդ պայմանագիրը չի կնքնվելու, և եթե անգամ կնքվի էլ` խաղաղություն չի բերելու: Ադրբեջանը չի ուզում նման փաստաթղթի ստորագրում և կնքում, Ռուսաստանը ևս շահագրգռված չի, ԱՄՆ-ն էլ ուզում է այնքանով, որքանով դա հնարավորություն կտա նրան ավելի մեծ դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում: Դրա կնքումը ինչ-որ առումով խորհրդանշական հաղթանակ կլինի, որովհետև եթե նման փաստաթուղթ ստորագրվի Վաշինգտոնում, կբարձրացնի նրա դերը: Բայց Ռուսաստանը, բնականաբար, դա չի ուզում: 

Ես որևէ հնարավարություն չեմ տեսնում նման փաստաթուղթ ստորագրելու համար, որովհետև այն պահանջները, որ արդեն իսկ Ադրբեջանն առաջադրել է, անհնար է կատարել, իսկ եթե կատարվի, դա նշանակում է, որ Հայաստանը վերանալու է: Հիշեցնեմ, որ բացի Սահմանադրության փոփոխություններից, որի մասին բարձրաձայնել է Բաքուն, Ադրբեջանի կողմից փոխանցված 10-րդ փաթեթի մեջ խոսք է գնում 300 հազար ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» և Ադրբեջանին դաշնակից երկրի կողմից Հայաստանի տարածքում` ի պաշտպանություն այդ ադրբեջանցիների զորքի տեղակայման մասին: Այսինքն, Բաքուն պահանջ է դրել Հայաստանի օկուպացիայի. դա ավելին է, քան անգամ անվերապահ կապիտուլյացիան: Այսինքն, նա ասում է` դուք զորք ընդունել ձեր երկորւմ, որ երբ ես մարդ ուղարկեմ այդտեղ ապրելու, նրանց տիրություն անի: Դա անընդունելի է ամեն առումով, բայց, եթե ենթադրենք, այս իշխանությունները, որոնցից ամեն ինչ սպասելի է, ընդունեն էլ, դա նշանակում է Հայաստանը ոչնչացնել ներսից: 

- Ո՞րն է Միացյալ Նահանգների շահագրգռվածությունն այս գործընթացում: Տեսնում ենք, որ հաճախակի են դարձել ամերիկացի պաշտոնյաների այցերը Հայաստան և Հարավային Կովկաս: Արդյո՞ք դա պայմանավորված է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու հեռանկարով: 

- Ես ասացի, որ խորհրդանիշները կարևոր են: Խորհրդանշական հաղթանակն էլ լավ է  Միացյալ Նահանգների համար: Այստեղ, իհարկե, տարբեր գործոններ կան, ոչ այդքան «միջանցքի» գործոնն է: Դա էլ կա, բայց առանցքային չէ, որովհետև այդ միջանցքը Ամերիկայի շահերից չի բխում: Դա այն միջանցքն է, որի վերաբերյալ Աստանայում Ադրբեջանը հռչակագիր ստորագրեց Չինաստանի հետ: Դա, այսպես կոչված, միջին միջանցքն է` Միջին Ասիայով, Ադրբեջանի վրայով դեպի Եվրոպա տանող: Ամերիկան ասում է` կա Վրաստանով ճանապարհ, բայց լավ կլինի, որ մի ճանապարհ էլ Հայաստանով լինի, այո', դա ասում է: Բայց այստեղ կա ավելի մեծ` չինական շահ, և ակնհայտ է, որ Ալիևն արդեն թռել է չինացիների գիրկը: Կա նաև Ռուսաստանի շահ, ի վերջո չպետք է մոռանանք, որ այդ միջանցքը եթե լինի,  ФСБ-ի վերահսկողության տակ է լինելու, դա է համաձայնեցված սկզբունքը, որ արձանագրված է 2021 թվականի հունվարին ստորագրված փաստաթղթում: Իսկ ամերիկային դա պետք չէ: Շատերը ԱՄՆ-ի վրա են բարդում, բայց նրա ինչի՞ն է պետք, որ Չինաստանը ստանա լրացուցիչ հնարավորություն: 

Ամերիկացի պաշտոնյաների այցերում առավել նշանակալի է ներքին քաղաքականության բաղադրիչը: ԱՄՆ-ում ընտրական տարի է, և յուրաքանչյուր 1000 քվեն անգամ կարող էվճռորոշ լինել: Տվյալները ցույց են տալիս, որ և' հանրապետականների, և' դեմոկրատների թվերը, հատկապես որոշ նահանգներում, շատ մոտ են, հետևաբար հայ համայնքը կարող  է դառնալ «քինգ մեյքեր», այսինքն հայերի քվեները կարող են որոշիչ լինել: Հետևաբար նրանք ինտենսիվ աշխատում են ոչ միայն հայերի ուղղությամբ, այլև` այլ էթնիկ խմբերի: Այսինքն, տարբեր էթնիկ խմբերի հետ սիրաշահելու կամ աջակցության քայլեր են արվում: 

- ԱՄՆ-ում բավական թեժ են նախընտրական կրքերը: Հայաստանում արդյոք պատրա՞ստ են այս կամ այն հանգուցալուծմանն ամերիկյան ընտրություններում:  

- Հայաստանի իշխանությունները շատ ավելի պարզ հարցերը չեն կարողանում կանխատեսել ու պատրաստ լինել, ուր մնաց` ԱՄՆ ընտրությունները: 2023 թվականի հունվարից Հայաստանում պետք է վերացվեր պլաստիկե տոպրակների օգտագործումը և լինեին միայն թղթե տոպրակներ, անգամ այդ հարցը չեն կարողանում լուծել: Այո', շատ նպաստավոր շրջան է, եթե Հայաստանը իմանար` ինչ պետք է ուզեր ԱՄՆ-ից և ինչ աշխատանք տաներ, շատ բաներ կարող էր ստանալ, բայց ես հույս չունեմ թե դա կարվի:  

Օրինակի համար դատապարտումները: Հիմա իսակական ժամանակ էր, որ  Կոնգրեսում և Սենատում այդ թեմայով լսումներ նախաձեռնվեին, որը հետո հիմք կհանդիսանար նաև միջազգային դատարան դիմելու համար, սակայն աշխատանք չենք տեսնում այդ ուղղությամբ, կան անգամ լուրեր, որ Հայաստանը պատրաստ է հետ կանչել իր բողոքները միջազգային դատարանից, որովհետև Ալիևի ու Էրդողանի դուրը դա չի գալիս: 

- Ի՞նչ կասեք վերջին շրջանում Բաքու-Վաշինգտոն հարաբերությունների և ադրբեջանական քաղաքականության մասին առհասարակ: 

 - Ադրբեջանը հիմա ժամանակ է շահում, իրեն շատ մեղմ է պահում, որ նախ տեսնի, թե Միացյալ Նահանգներում նոյեմբերին ինչ է լինում, հետո նաև իր մոտ այդ COP29 գագաթնաժողովն ավարտվի: Այ դրանից հետո եթե հասցրեց նոյեմբերի վերջ-դեկտեմբերին կհարձակվի Հայաստանի վրա, իսկ եթե չհասցրեց, գարնանը կարող ենք սպասել հերթական «խաղաղության դարաշրջանի»: 

Այսինքն, Բաքուն շարունակում է նույն քաղաքականությունը, ինչ որ միշտ, քանի որ դա աշխատում է: Ասում է`ձագիդ տուն, թե չէ կգնամ կացինս կբերեմ, ծառդ կկտրեմ: Հայաստան էլ ձագին տալիս է: Տավուշում կայացած «սահմանազատման» արդյոնքում արդեն փակ է Վրաստան տանող ճանապարը, օրերս էլ ինտերնետ կապն է «պատահական» կտրվել, մի օր էլ  «պատահական» գազամուղը կվնասվի: Հիմա ինչո՞ւ չեն պայթեցնում, որովհետև եղանակը տաք է, մարդիկ այդքան էլ չեն զգա դրա հետևանքը, իսկ երբ կգա ձմեռը և գազի սպառումը շատ կարևոր կլինի, այդ ժամանակ վթար տեղի կունենա, ինչպես եղավ Ղարաբաղ մտնող գազատարի դեպքում: Այսինքն, եթե Ադրբեջանը 2022-23 թվականներին շրջապատված էր պահում Լեռնային Ղարաբաղը, հիմա նույն քաղաքականությունն է իրականացնում Հայաստանի նկատմամբ: 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն