ՈՄԱ-ի հասցեին հերթական ապատեղեկատվությունը՝ հայ օգտատիրոջ կողմից
Ֆեյսբուքյան օգտատեր Nataly Aleksanyan-ը, որն աչքի է ընկնում սադրիչ և թշնամու ջրաղացին ջուր լցնող հրապարակումներով, իր սոցցանցային էջում տարածել է հերթական կեղծ ու անհիմն մեղադրանքները, այս անգամ ուղղված «ՈՄԱ» ՌՀԿ-ին և կառույցի ղեկավար Վովա Վարդանովին։
Մասնավորապես, օգտատերն իր գրառման մեջ անհիմն կերպով հայտարարում է, թե իբր «ՈՄԱ»-ն, Վովա Վարդանովի գլխավորությամբ, «եկեղեցու հետևում ահաբեկչական ծրագիր է պատրաստում»։ Տեքստում հնչում են նաև բացահայտ սպառնալիքներ՝ անհանդուրժելի և օրենքի շրջանակից դուրս ձևակերպումներով։
Նման հայտարարությունները ոչ միայն զրպարտչական են և զուրկ փաստերից, այլև վտանգավոր՝ ինչպես հասարակական համերաշխության, այնպես էլ պետական անվտանգային միջավայրի տեսանկյունից։
«ՈՄԱ»-ն բազմիցս դարձել է թիրախ ինչպես թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների, այնպես էլ տարբեր մանիպուլյատիվ շրջանակների կողմից։ Նրանց նպատակը մեկն է՝ կամայական ձևով վարկաբեկել այն կառույցը, որն օրինական հիմքով և թափանցիկ կերպով իրականացնում է քաղաքացիական պաշտպանության, պատրաստվածության և անվտանգության ուսուցում։
Բայց երբ ատելություն տարածող նման հայտարարությունների հեղինակն արդեն հայի ազգանուն կրող անձ է, այլ բան չի մնում, քան ենթադրել, որ նա գիտակցված կերպով կամ անգիտակցաբար ծառայում է թշնամական օրակարգերին։
Nataly Aleksanyan-ի էջում հաճախ են հայտնվում «ՈՄԱ»-ի հրապարակումների լուսանկարներ և կադրեր, որոնք ուղեկցվում են աղավաղված մեկնաբանություններով և մանիպուլյատիվ պիտակավորումներով։ Այդ կերպով փորձ է արվում հասարակական ընկալման վրա ազդել սուբյեկտիվ, սադրիչ մեկնաբանությունների միջոցով։
«ՈՄԱ» ռազմահայրենասիրական կենտրոնը հայտարարում է, որ շահարկումները, որոնք վտանգում են ազգային անվտանգությունը, արժանանալու են իրավական գնահատականի, իսկ հանրային դաշտում կառույցը կշարունակի բաց և փաստարկված պատասխան տալ նման ապատեղեկատվությանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն