Submitted by H.Aslanyan on
Նիկոլ

Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար․ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման առթիվ։

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։

Մեր բանակն անցել է ձեւավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել է մարտահրավերների ու բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում եւ որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։

Վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում։

Առաջինը՝ կամավոր ատեստավորման ծրագիրն է, որը հնարավորություն տվեց զինծառայողների վարձատրությունն ընդհուպ կրկնապատկել` կախված զինծառայողի պրոֆեսիոնալ հմտություններից։ Այսօր մեր բանակի տասնյակ հազարավոր զինծառայողներ կամավոր ատեստավորման բերումով 30, 50, 100 եւ նույնիսկ ավելի տոկոսներով բարձր վարձատրություն են ստանում՝ կամավոր ատեստավորմանը նախորդած շրջանի համեմատ։

Մեր բանակում կան 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ։ Սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 1, 1․5, 2 միլիոն դրամը։ Սա կարեւոր սոցիալական երաշխիք է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ հանրության համար, որը կարող է վստահություն ունենալ մեր զինծառայողների պրոֆեսիոնալ մակարդակի եւ այն շարունակաբար բարձրացնելու մոտիվացիոն համակարգի գոյության առումով։

Վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի եւ պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Սրա համար ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետեւ ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է եւ քանակական։ Բայց նաեւ պետք է պատասխան հնչի մի շատ կարեւոր հարցի․ իսկ ինչու՞ այս նույնը չի արվել 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին։

Սպառազինություն եւ տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ․

1․ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։

2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։

Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաեւ մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն եւ տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր։

Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար եւ ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր ինքնիշխանությունը զրոյացնելու որոշում է կայացված։

Այս օրհասական վտանգը հաղթահարվեց երկու վճռական իրադարձության արդյունքում․ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ ֆորմատով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու։

Այս ռազմավարությունը մենք հետեւողականորեն շարունակելու ենք։ Հստակ արձանագրել ու արձանագրում ենք, որ ՀՀ բանակն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի պաշտպանությունից դուրս այլ խնդիր չունի եւ չի ունենալու՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը։

Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված տարածքներին, այդ հարցի լուծման բանաձեւը, որն արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, արդեն իրավական բարձրագույն ուժ ունի երկու երկրներում եւ խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին մեր բանակում տեղի ունեցած բարեփոխումները կարող եմ երկար թվարկել։

Հատուկ հիշատակման է արժանի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որում ընդգրկված հազարավոր զորակոչիկները պայմանագրային զինծառայող դառնալու, կամավոր ատեստավորման բարձր վարձատրություն ստանալու եւ ծառայության ընթացքում իրենց տանն ապրելու հնարավորություն են ստացել։

Այսօր մենք 19 տարեկան բազմաթիվ զինծառայողներ ունենք, ովքեր 500, 600 հազար դրամ ամենամսյա վարձատրություն են ստանում։ Համոզված եմ՝ նրանցից շատերը հետագայում պայմանագրային զինծառայությունը շարունակելու, այդ թվում՝ սպայական կրթություն ստանալու եւ որպես սպա ծառայելու որոշում են կայացնելու։

Կրճատվել է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը՝ 24 ամսից դառնալով 18 ամիս։ Սա էականորեն բարելավում է պարտադիրժամկետային զինծառայության պայմանները։

Մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ են իրականացվում մեր սահմանների երկայնքով, որոնք նոր խոսք են բերել մեր պաշտպանական համակարգում։

Ուղերձի ժանրը հնարավորություն չի տալիս ավելի ծավալվելու, բայց այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին՝ անկյունաքար է մեր պետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության համար։

Բայց նաեւ ուզում եմ ընդգծել՝ մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետեւ պատերազմ չի լինելու։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատված, եւ խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա։

Մենք ուժեղացնելու ենք անվտանգության այդ ամենահուսալի երաշխիքը։

Իսկ բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետեւ բանակը պետության կարեւորագույն ինստիտուտներից է, եւ չափազանց կարեւոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ՝ ապագայի պայմանական սպառնալիքներին դիմակայելու համար, այն դեպքերում, երբ դիվանագիտությունն ի վիճակի չի լինի դա անել։

Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրան
Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը
Հունաստան
Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը, իսկ Թուրքիան միայն արձագանքում է. Հունաստանի վարչապետ
Իրան
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Թրիփփ
TRIPP-ը չպետք է լինի միջանցք, որն օգուտ կբերի մի կողմին՝ մյուսի հաշվին․ Carnegie
Վենս
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Բաղայի
Խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է․ Իրանի ԱԳՆ
Զինվորական
Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում
Սահման
Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի բացումը առևտուրը կհասցնի 1 մլրդ դոլարի. ԶԼՄ
ՀԱՊԿ
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել՝ ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն․ Փաշինյան
Գուտերեշ
Մերձավոր Արևելքն ավելի խորն է ներքաշվում ճգնաժամի մեջ, և հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից. Գուտերեշ
Մարգարա
Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ-ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան
Կոնգրես
ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Հորմուզ
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար
Հարված
ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները
Հարված
ԱՄՆ-ն լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանին
Միջուկային
ԱՄՆ-ն և Իրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը. NYT
Հարված
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
Զախարովա
Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով․ Զախարովա
Ագն
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականներին կոչ է արել լքել Մերձավոր Արևելքի երկրները
Սահման
Ըստ թուրքական պարբերականի՝ սահմանների բացմամբ Թուրքիայի ու ՀՀ-ի առևտրաշրջանառությունը կհասնի 1 մլրդի
Բազա
Իրանը հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում և Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին
Տիգրան
Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան Աբրահամյան
Սպուտնիկ
ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik
Նավ
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Ազով
Ազովի ծովում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից զոհված ևս 2 ադրբեջանցիների մարմինները հայտնաբերվել են
Լիբանան
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Զելենսկի
Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Մոլդովայում նվազում է․ Զելենսկի
Ադրբեջան
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Պոլսո
Պոլսո Հայոց պատրիարքը և Էրդողանը քննարկել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր
Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  «Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի։ Խաղաղության շուրջ վերջնական բանակցություններն առաջ են ընթանում, եթե միայն տգիտությունն ու հիմարությունը չխոչընդոտեն դրանց։ Շրջափակումը կմնա ուժի մեջ՝ իր ողջ ծավալով և ազդեցությամբ, մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը։ Գործընթացները պետք է արագ զարգանան»,- գրել է Թրամփը։
Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է առաջիկա 2-3 օրվա ընթացքում. Թրամփ