Փաշինյանը կրկին բանավեճի է կանչել ՀՀ 3 նախագահներին. նրանք նորից մերժել են
Հայաստանի 3 նախագահների ներկայացուցիչները գրառումներով արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջին հայտարարություններին` հնչած հանրապետության նախկին 3 ղեկավարների հասցեին։
Նշենք, որ արդեն 2–րդ օրն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառումներով ՀՀ նախկին 3 ղեկավարին մեղադրում է ընտրությունները կեղծելու, Հայաստանի 3–րդ հանրապետությունն անդունդի մեջ ներքաշելու մեջ։ Փաշինյանը մեղադրել է ՀՀ նախագահներին 18–ամյա զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս սահման պահել ստիպելու համար։ Վարչապետը կրկին հրավիրել է նախագահների բանավեճի։
«Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գևորգին, Վազգենին էլ հետներդ բերել.... Բանավեճը կարող ենք «Երևան–Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»,–գրել է Փաշինյանը` կրկին վիրավորական տոնայնությամբ նշելով «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Շիրակի թեմի առաջնորդին ու Բագրատ սրբազանին։
Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի անունից արձագանքել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` ասելով, թե ճշգրիտ բացահայտումները Փաշինյանին հանում են հավասարակշռված վիճակից, առաջացնում էլ ավելի խորը հիստերիկ նոպաներ և անքնություն, ինչը կարող է երկրի անվտանգության և կայունության համար լուրջ, անգամ ցնցումային, հետևանքներ ունենա։ Զուրաբյանն առաջին նախագահին խնդրել է թույլ տալ իրեն բանավիճել` Փաշինյանի նախկին խցում կամ այլ տեղ։
«Իրավիճակը լուրջ է, պարոն նախագահ: Հիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը, առաջարկում հանրային բանավեճ կալանավայրի խցիկում, զառանցում ինչ-որ «խաղաղության գոտու» և «սնուցող մայրերի» մասին: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ձեր բանավեճի մասին երևակայելն անգամ հղի է երկրի ղեկավարի հոգեկան վիճակի քայքայման վտանգով և Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիքներով, խնդրում եմ ինձ տալ լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում: Խոստանում եմ թերապեվտիկ զգալի էֆեկտ»,– գրել է Զուրաբյանը` հավելելով, որ «մթագնած այս վիճակում» Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ սուտ մատնություն կատարել սեփական երկրի դեմ։
Հանրապետության 2–րդ նախագահ Ռոբետ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը News.am- ի հետ զրույցում է անդրադարձել Փաշինյանի գրառումներին։
«Կա՛մ արաղն ա պետք թարգել, կա՛մ դեղերը: Տեքստերը չեմ կարդացել, քանի որ փլուշահոտը խեղդում է: Կարա թան խմի` դնջանա»,- նշել է Բագրատ Միկոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն էլ ֆեյսբուքյան էջում տարածել է Մարկ Տվենի ու Ալբերտ Էնշտեյնի խոսքերը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա դեկտեմբերին էլ էր հանրապետության նախկին ղեկավարներին հրավիրել բանավեճի Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ։
Ավելացնել նոր մեկնաբանություն