
Թուրքիան չպետք է ունենա «Meteor» հրթիռներ. Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել հունական «Kathimerini» թերթին։ Միցոտակիսն անդրադարձել է նաև Թուրքիայի ռազմարդյունաբերությանը և նշել, որ Հունաստանը հետևում է այդ ոլորտում Թուրքիայի զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միցոտակիսը նշել է, որ Հունաստանին անհանգստացնում է ֆրանսիական «Meteor» հրթիռների վաճառքը Թուրքիային և այդ պատճառով հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, բայց ստացել է բացասական արձագանք։ Ըստ Հունաստանի վարչապետի՝ Մակրոնը նշել է, որ այդ հրթիռներն արտադրվում են կոնսորցիումի կողմից, որտեղ ընդգրկված են նաև Անգլիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Շվեդիան։
Հունաստանի դիրքորոշման հետ կապված վերոնշյալ երկրները նույնպես հայտարարել են, որ կքննարկեն հրթիռների վաճառքը չեղարկելու հարցը։
Միցոտակիսը շեշտել է, որ Թուրքիան չպետք է ունենա այդ հրթիռները։
Անդրադառնալով թուրք-հունական հարաբերություններին՝ Հունաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ կողմ է բարիդրացիական հարաբերություններին, մի շարք ոլորտներում համագործակցությանը, բայց և շեշտել, որ միամիտ չէ այդ հարցերում։
Նա նաև ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում երկրի ռազմարդյունաբերության և զինված ուժերի հզորացման ուղղությամբ և այդ ամենն արվում է, որպեսզի պաշտպանեն Թուրքիայի հետ ունեցած սահմանները։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ևս խիստ էր արձագանքնել Ֆրանսիայի կողմից Թուրքիային «Meteor» տեսակի հրթիռներ վաճառելու մասին լուրերին և նշել, որ եթե Ֆրանսիան հավանություն տա այդ վաճառքին, ապա լրջագույն հարված կհասցվի Աթենք-Փարիզ ռազմական համագործակցությանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն