Հույս ունեմ` ՀՀ–ի հետ կապերն էլ ավելի կամրապնդվեն. Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ իշխանություններին և ժողովրդին` սեպտեմբերի 21–ին նշվող Անկախության օրվա առթիվ: Այդ մասին նա գրառում է արել X–ի իր էջում։
«Հույս ունեմ, որ հարևան և բարեկամ երկու պետությունների միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, իսկ երկու ժողովուրդների շահերի պաշտպանության համար տարբեր ոլորտներում առկա համագործակցությունն էլ ավելի կխորանա»,– ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված իր ուղերձում գրել է Իրանի նախագահը:
Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Փեզեշքյանը նշել է, որ Իրանը եղել է Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից մեկը: Նա ընդգծել է, որ այդ ժամանակից ի վեր երկու երկրների հարաբերությունները զարգացել են բարիդրացիության ոգով:
Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել Երևանի և Թեհրանի միջև առկա ամուր և կայուն կապերի համար՝ ընդգծելով դրանց դրական դինամիկան և հետագա առաջընթացի միտումը:
Ավելացնել նոր մեկնաբանություն