ՀՀ-ն տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին երբեք այնքան պատրաստված չի եղել, ինչքան այսօր. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ չի թռչում, ընդհակառակը՝ ՀՀ-ի վրայով թռչում են օդանավեր այն քանակությամբ, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն թռել»: ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիրների հայտարարությունները:
Նշելով, որ չի ուզում սա ներկայացնել որպես հաջողության պատմություն, բայց վստահեցրեց, որ Հայաստամի վրայով բալիստիկ հրթիռներ չեն թռչում:
«Ուզում եմ այլ բան ասել ձեզ՝ որպես ՀՀ վարչապետի պաշտոնը 7 տարի զբաղեցնող մարդ. ՀՀ-ն միջազգային իրադրություններին և իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին երբեք այնքան պատրաստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր: Դրա ամենակարևոր արտահայատությունն այն արտաքին հարաբերություններն են՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքում, որը մենք ունենք»,-ասաց Փաշինյանը և, բերելով իր պատկերացրած հիմնավորումները, հավելեց.
«Այո՛, խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո՛, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո՛, տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների և մեր վիճակի կարգավորումը, և մեր միջազգային հեղինակության աներկբա ու աննախադեպ բարձրացումը»։
Որպես հիմնավորում Փաշինյանը հիշեցրեց, որ 2026-ին Հայաստանը հյուրընկալելու է համաշխարհային մակարդակի երկու իրադարձություն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և COP17 համաժողովը:
«Սրանք պատահական չեն, և սրանք հաջողության պատմության ֆիզիկական արտահայտություններն են»,- ասաց նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն