Հութիները հայտարարել են Իսրայելում չորս թիրախի հարվածելու մասին
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը չորս հատուկ գործողություն է իրականացրել՝ ուղղված իսրայելական ուժերի կենսական նշանակության թիրախների դեմ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հութիների ռազմական խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարության մեջ պարզաբանել է, որ Եմենի օդուժն իրականացրել է չորս ռազմական գործողություն Հայֆա, Նեգև, Ումմ ալ-Ռաշրաշ և Բիիր աս-Սաբաա շրջաններում՝ օգտագործելով վեց անօդաչու թռչող սարք։ Գործողություններն իրականացվել են Գազայի հատվածի ժողովրդի դեմ Իսրայելի կողմից ցեղասպանության և սովի ենթարկելու հանցագործություններին ի պատասխան։ Պաշտոնյայի պնդմամբ՝ հարվածները հաջողությամբ հասել են իրենց նպատակին։
Խոսնակը նշել է, որ հութիները «կշարունակեն աջակցող գործողությունները մինչև ագրեսիայի դադարեցումը և Գազայի հատվածի պաշարման վերացումը»։
Իսրայելի պաշտպանության ուժերը օգոստոսի 12-ին հայտնել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված անօդաչու թռչող սարք:
Ավելացնել նոր մեկնաբանություն