Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել
Կատարի միջնորդների՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում դիվանագիտական բեկման հասնելու նպատակով ձեռնարկած վերջին ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում գնալ զիջումների, հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
«Նրանք հայտնվել են փակուղում։ Իրանցիները պահանջում են այն, ինչին ԱՄՆ-ն պատրաստ չէ համաձայնել, իսկ ԱՄՆ-ն կարծում է, որ հաղթում է, ուստի փոխզիջման գնալու անհրաժեշտություն չկա»,- ասել է զրուցակիցներից մեկը։
Նշվում է, որ կողմերն ավելի ու ավելի են հակվում այն կարծիքին, որ ռազմական հակամարտության վերսկսումը հավանական է։ Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջանկյալ ընտրություններից հետո հրաման տալ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու մասին։
Axios-ի զրուցակիցները նշել են, որ Կատարի իշխանությունները կշարունակեն իրենց ջանքերը, սակայն երկու կողմերի գործողություններն ավելի ու ավելի են հիասթափեցնում նրանց։
Նշվում է, որ Կատարի միջնորդ Ալի ալ-Թավադին Նյու Յորքում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և նրա թիմի հետ ու առաջարկել փոխզիջումային ծրագիր, որը նպատակ ուներ բավարարելու թե՛ Թեհրանի՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակումը վերացնելու պահանջը, թե՛ Վաշինգթոնի՝ Իրանի կողմից միջուկային ոլորտում զիջումների գնալու պահանջը։ Ալ-Թավադին նաև հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների և ամերիկացի այլ պաշտոնյաների հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն