Իրանը պատրաստ է պատերազմի, բայց չի հրաժարվում դիվանագիտությունից. Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ պատերազմի վերսկսմանը, սակայն միաժամանակ չի հրաժարվում դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է վճռականորեն դիմակայել ցանկացած նոր ագրեսիայի, սակայն բանակցությունների համար «դուռը դեռ բաց է»։ Արաղչին նշել է, որ հետագա ընտրությունը կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։
Իրանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ երկիրը ուրանը մինչև 60 տոկոս հարստացնում է բացառապես խաղաղ նպատակներով և չի խախտում Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։ Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել հարստացված ուրանի հարցը, սակայն դրա համար անհրաժեշտ է վերականգնել փոխադարձ վստահությունը։
Արաղչին հերքել է նաև Իրանի ներսում իշխանության տարբեր կենտրոնների առկայության մասին տեսակետները՝ նշելով, որ ԱԳՆ-ն սերտորեն համակարգում է աշխատանքը կառավարության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի և խորհրդարանի հետ։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները միասնական դիրքորոշում ունեն արտաքին մարտահրավերների հարցում։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցի աշխատանքը վերականգնելու հարցին՝ Արաղչին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է համաձայնության հասնել, ապա այժմ դրա համար հարմար ժամանակն է։ Նրա խոսքով՝ Իրանը առաջարկել է յոթօրյա ծրագիր և այժմ սպասում է միջնորդների միջոցով ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանին։
Ավելացնել նոր մեկնաբանություն