Submitted by H.Andreasyan on
Զեկուցվել է, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է. Փաշինյան

Զեկուցվել է, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է. Փաշինյան

Երբ վարչապետի պաշտոնը ստանձնել եմ, անընդհատ ստացել եմ զեկուցագրեր, ԱԱԾ-ն անընդհատ ահազանգել է պատերազմի հնարավորության մասին: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Նա նաև նշել է, որ ԱԱԾ-ն անգամ հնարավոր պատերազմի ժամկետներ է հնչեցրել։

Փաշինյանի խոսքով՝ ինքն այլ զեկուցագրեր էլ է ստացել։ Իրեն նաև զեկուցվել է, որ միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ ՀՀ ԶՈՒ-ն կտրուկ գործողություններ չիրականացնի՝ «չեղած տեղից» պատերազմ չսադրելու համար։

«Ինձ զեկուցվել է, որ պատերազմի մեկնարկի հավանականությունը 30 տոկոս է, և որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ գնանք անհամաչափ զիջումների,- հայտարարել է վարչապետը:- Իմ քաղաքական հրահանգը եղել է՝ լինել իրավիճակին համարժեք: 2020-ի հունիսին ՊՆ-ում ունեցել եմ խորհրդակցություն, որտեղ հարց եմ տվել՝ մենք ունե՞նք այնպիսի ինդիկատորներ, որոնց ի հայտ գալու դեպքում գնահատում ենք, որ վերջ, հարձակում է տեղի ունենալու: Ինձ ասել են՝ կան այդպիսի ինդիկատորներ: Իմ հրահանգը եղել է միանշանակ, որ անկախ ամեն ինչից՝ ես հիմա բաց հրահանգ եմ տալիս, որ եթե այդ ինդիկատորներն ի հայտ գան, բանակը պետք է սահմանված ձևով գործի»:

«Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում հայտնել է, որ պատերազմից առաջ ՀՀ ԶՈՒ-ն մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որովհետև ռադիոկլանման միջոցով 2020 թվականի սեպտեմբերի 25-ին որսացել էին Գյանջայի հատվածում թուրքական «F-16» կործանիչների օդաչուների խոսակցությունը, ըստ որի՝ «կիրակի օրը նրանք ինչ-որ կարևոր բանի պետք է մասնակցեին»։ Գասպարյանը շեշտել է, որ այս տեղեկությունները ստանալուց հետո ինքը «ինտուիցիայով նախապատրաստական բոլոր աշխատանքներն արել է»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը։

Դրան ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ սեպտեմբերի 25-ին այդ տեղեկությունն իրեն զեկուցվել է:

Ավելացնել նոր մեկնաբանություն