ՀՀ-ն կպահպանի «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակը. փորձագետը՝ նոր ատոմակայանի տարբերակների մասին․ «Armenpress.am»
Մեծ հզորության (օր.՝ 1200 ՄՎտ) ատոմակայանի կառուցումը Հայաստանին թույլ կտա մնալ Հարավային Կովկասում միակ պետությունը, որը կրում է «խաղաղ ատոմ» զարգացնող պետության բարձր կարգավիճակ, ինչն անվտանգային լուրջ «բարձիկ է»: Բացի այդ՝ այն հնարավորություն կտա դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ՝ ատոմակայանի կառուցման վերաբերյալ, այդ թվում են ռուսական, ամերիկյան, հարավկորեական, ֆրանսիական տարբերակները: Փորձագետը նկատեց, որ հստակ տարբերակ առաջարկել է դեռևս ռուսական կողմը:
«Ռուսական կողմն արդեն մի քանի ամիս է, ինչ կառավարությանը ներկայացրել է շատ հստակ նախագիծ՝ 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի նոր բլոկ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Դավթյանը:
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների առաջարկին՝ մոդուլային փոքր հզորության կայանների վերաբերյալ՝ փորձագետը նկատեց, որ դեռևս Հայաստանի կառավարության սեղանին չկա վերջնական հստակ նախագիծ: Ըստ նրա՝ նույնը կարելի է ասել, օրինակ՝ Հարավային Կորեայի կողմից արված առաջարկների վերաբերյալ, դրանք դեռևս գտնվում են հռետորաբանության մակարդակում: Ըստ նրա՝ այս պահի դրությամբ գործնականում կարելի է գնահատել հիմնականում Ռուսաստանի կողմից արված առաջարկը: Այնուամենայնիվ, կա երկու հիմնական մոտեցում՝ մոդուլային, այսինքն՝ փոքր հզորության կայան և մեծ հզորության կայան: Ըստ փորձագետի՝ փոքր հզորությունների կայաններն, իհարկե, բավականին հետաքրքիր ու հեռանկարային են, սակայն այն պարագայում, երբ օգտագործվում են որպես ռեզերվային միջոցներ:
«Միջազգային փորձն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ, օրինակ՝ Ֆրանսիան, Չինաստանը, որոնք ունեն մոդուլային կայաններ, դրանք օգտագործում են որպես ռեզերվային միջոցներ: Իսկ մենք այսօր ռեզերվային միջոցների կարիք չունենք: Մոդուլայինների առավելությունն այն է, որ դրանք թույլ են տալիս էլեկտրաէներգիա մատակարարել դժվար հասանելի բնակավայրեր: Այս դեպքում ևս Հայաստանում նման խնդիր չունենք: Իսկ եթե, դիցուք, ունենանք, ապա դա կարելի է լուծել վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարբեր նախագծերի իրականացմամբ՝ արևային, հողմային կայաններ կառուցելով: Դրա համար այսօր բարեբախտաբար ունենք բավականին հարմար օրենսդրական դաշտ, բավականին հարմար սակագներ ներդրողի համար»,-ասաց Դավթյանը:
Անդրադառնալով հնչող տեսակետներին, որ 1200 ՄՎտ-ը Հայաստանի համար շատ է, և էներգետիկ համակարգում տեղավորելու խնդիր է լինելու՝ փորձագետն ընդգծեց՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մոտենում էներգետիկ համակարգին: Փորձագետն էներգետիկան դիտարկում է երկու հիմնական դիտանկյունից՝ սպառողական և անվտանգային:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն