Բաքվի պլանը հետևյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6 հազար սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-ր դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս ԼՂ մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, ներկայացնելով շրջափակված Արցախում տիրող հումանիտար վիճակը, նշել է. «Բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով: Այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը: Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, Բաքվի պլանը հետևյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը և հետո մի քանի օրով բացել և այսպես այնքան ժամանակ, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է: Եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու վերաբերյալ մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում»:
Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ խնդրի լուծման լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, ինչի ուղղությամբ էլ ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանք պետք է իրականացնի:
Ավելացնել նոր մեկնաբանություն