Չինաստանն ու Հնդկաստանը խոստացել են պահպանել խաղաղությունն ու անդորրը վիճելի տարածքներում

Չինաստանն ու Հնդկաստանը խոստացել են պահպանել խաղաղությունն ու անդորրը վիճելի տարածքներում

Չինաստանի և Հնդկաստանի հրամանատարությունները օգոստոսի 14-ին և 15-ին տեղի ունեցած բանակցությունների 19-րդ փուլի արդյունքներով խոստացել են պահպանել խաղաղությունն ու անդորրը երկրների միջև Փաստական վերահսկողության գծում: Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել վիճելի հարցերը  ամենակարճ ժամկետներում լուծելու և «ռազմական ու դիվանագիտական ուղիներով երկխոսության ու բանակցությունների դինամիկան պահպանելու անհրաժեշտության» շուրջ։ Այս մասին հաղորդել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունը։

Հուլիսի վերջին Հնդկաստանը դատապարտել էր Չինաստանին, որն առաջվա պես հատուկ այցագրեր է տալիս Հնդկաստանի հյուսիսարևելյան Արունաչալ Փրադեշ նահանգի բնակիչներին: Նահանգը ձևավորվել է 1962 թ. չին-հնդկական սահմանային հակամարտությունից հետո: Չինաստանը Արունաչալ Փրադեշը համարում է հարավային Տիբեթի՝ իր կազմի մեջ մտնող տարածքների մի մասը։

Իր հերթին Հնդկաստանը 1960-ականներից վիճարկում է ՉԺՀ-ի վերահսկողությունն Ակսայչինի նկատմամբ, որը գտնվում է Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի սահմանագծում: Հնդկաստանն այն ընդգրկում է Լադաքի տարածաշրջանի մեջ։ Լադաքի շրջանում իրավիճակը սկսել է սրվել 2020 թ. մայիսին` չինացի և հնդիկ զինվորականների միջև բախումներով։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն