Պակիստանում հարձակվել են քրիստոնեական եկեղեցիների վրա

Պակիստանում հարձակվել են քրիստոնեական եկեղեցիների վրա

Պակիստանի Փենջաբ նահանգի Ջարանվալա քաղաքում ամբոխը հարձակվել է քրիստոնեական թաղամասի մի քանի եկեղեցու վրա։ Ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն չորս եկեղեցի է այրվել: Տեղի բնակիչները պնդում են, որ ջարդի ժամանակ այս կամ այն ​​կերպ վնասվել է եկեղեցիների հետ կապված 12 շենք։ Ջարդեր իրագործած ամբոխը տեղի քրիստոնյաներին մեղադրել է Ղուրանը նվաստացնելու մեջ:

Պակիստանի քրիստոնյա եպիսկոպոս Ազադ Մարշալը կոչ է արել ոստիկանությանը գործել։

«Մինչ ես խոսում եմ ձեզ հետ, եկեղեցու շենքն այրվում է, Աստվածաշունչը պղծվում է, իսկ քրիստոնյաները խոշտանգվում ու հալածվում են Սուրբ Ղուրանը խախտելու կեղծ մեղադրանքների համար»,- դիմել է նա իրավապահներին։

Իշխանությունները բանակային ստորաբաժանումներ են ներգրավել բռնությունները դադարեցնելու համար։ Խանութներն ու դպրոցները փակ են մնում։ Քաղաքի արևելյան մասում՝ քրիստոնյաների թաղամասում, անվտանգության մի քանի հազար ուժեր են տեղակայվել։ Նահանգային ոստիկանության պետն ասել է, որ 129 մարդ է ձերբակալվել։

Օգոստոսի 16-ին բռնությունները սկսվել են, երբ սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր են տարածվել, թե իբր քիստոնյա համայնքից երկու մարդ Ղուրանի թերթեր են պատռում ու այրում։

Ավելացնել նոր մեկնաբանություն