Լավրովն անդրադարձել է Ռուսաստանի՝ Արցախն Ադրբեջանին «հանձնելու մեղադրանքին»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի մաս է։ Այս մասին սեպտեմբերի 10-ին՝ Նյու Դելիում կայացած «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ այսկերպ պատասխանելով հարցին, որ Հայաստանում Ռուսաստանին մեղադրում են Արցախy (Լեռնային Ղարաբաղը - խմբ․) Ադրբեջանին «հանձնելու» մեջ։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանին որևէ բանում մեղադրելուց առաջ պետք է գնահատել սեփական արարքները։ Ըստ ՌԴ արտգործնախարարի՝ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հղում է արել այն փաստին, որ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել են առաջին եռակողմ համաձայնագիրը։
«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Այնտեղ ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այն ժամանակ երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ պետք է լրացուցիչ բանակցություններ վարվեին»,- նշել է նա։
Լավրովի խոսքով՝ ավելի ուշ Պրագայում, որտեղ հրավիրված էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք երկուսն էլ ստորագրել են հայտարարություն, որտեղ ասվում էր, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, վերջ, հարցը փակված է․ «Հայաստանի վարչապետը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմում է։ Կարիք չկա մեզ մեղադրելու, թե իբր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին մենք «հանձնել ենք» Ղարաբաղը։ Սեփական ժողովրդին պետք է ինքնուրույն պատասխան տալ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն