ՌԴ ԱԳ փոխնախարարը խոսել է Մեղրիի երթուղու ստեղծման մասին
Մեղրիի երթուղու ստեղծումը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա հիշեցրել է, որ այս տարվա հունիսի 2-ին, երբ տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը, կողմերը զգալի առաջընթաց արձանագրեցին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ շարժվելու ուղղությամբ․ «Բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, այն է՝ Մեղրիի երթուղու ստեղծումը, որն Ադրբեջանի հիմնական տարածքը կմիացնի Նախիջևանի հետ...»:
Պարզաբանելու համար, թե արդյոք նա նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը», նա նշել է․ «Ի վերջո, խոսքը Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու մասին է, ուստի ես ինձ թույլ տվեցի օգտագործել Մեղրիի երթուղի անունը։ Այո, Ադրբեջանում դա կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։ Որպեսզի ձևակերպումը հարմար լինի բոլորին, ասենք այսպես՝ մենք ակտիվորեն օգնում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին համաձայնության գալ»։
Գալուզինն ասել է, որ իրենց կարծիքով՝ այս համաձայնագիրը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար․ «Դա կնպաստի Անդրկովկասի բոլոր պետությունների տնտեսական զարգացմանը, քանի որ այս դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա դառնալու տրանսպորտային և լոգիստիկ հանգույց, ամրապնդելու և ընդլայնելու իր տրանսպորտային կապերն Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ։
Ադրբեջանը հնարավորություն կունենա անխափան ռիթմիկ տրանսպորտային կապեր ունենալու երկրի երկու հատվածների միջև։ Իսկ Անդրկովկասում իրավիճակի ընդհանուր կայունացումը կծառայի ապագայի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հիմքերի ամրապնդմանը։ Ուստի մենք հաստատակամ ենք շարունակելու խթանել այդ խորհրդակցությունները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում»,- հավելել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն