1

Ներքին Հանդ գյուղում ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2700 հեկտար տարածք․ Արման Թաթոյան

Ներքին Հանդում պարզեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողները տարբեր ժամանակ իրենց դիրքերի [Հայաստանի ներխուժած հատվածներում] անմիջական հարևանությամբ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ: Ադրբեջանական իշխանություններն իրականացնում են նաև զորավարժություններ գյուղից այնպիսի հեռավորության վրա, որ գյուղի ներսում պարզ լսելի են կրակոցներ ու պայթյուններ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի մեջ, մարդիկ չեն կարողանում հանգիստ տեղաշարժվել գյուղում, դպրոցի դիմաց են ադրբեջանական դիրքերը, խաթարված է բնակիչների անվտանգ կյանքը:

Միայն Ներքին Հանդ գյուղում ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2,700 հեկտար տարածք, որից՝

1. 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.

2. 170 հեկտար անտառային հողեր.

3. 130 հեկտար համայնքային հողեր:

Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով:

Ու այս պայմաններում, դրել-քննում ենք արդյոք մեր զինվորականները «խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը»:

Չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները»,- գրել է Թաթոյանը:

Այս թեմայով Թաթոյանը ևս մեկ գրառում է կատարել

«Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում են, օգտագործում են խոհանոցի և այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գյուղի խմելու ջրի աղբյուրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսած:

Image removed.

2-րդ և 3-րդ նկարներում Ներքին Հանդի բնակիչներից մեկի տան սենյակի ապակին է, որ վնասվել է ադրբեջանական կրակոցից: Տունն ադրբեջանական դիրքից ուղիղ գծով 100 մետր էլ քիչ հեռավորության վրա է:

Image removed.Image removed.

Այս պայմաններում, երբ կոնկրետ այս դեպքում Սյունիքի մարզի Կապամ համայնքի Ներքին Հանդ գյուղում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, տները, դպրոցը գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո, Հայաստանի կառավարությունը դրել-քննում է՝ արդյոք մեր զինվորականները «խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը»: Սա միայն ադրբեջանական ձեռնտու օրակարգ է:

Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները»:

Ավելացնել նոր մեկնաբանություն