+9

Ֆոսֆորային զենք կիրառած Ադրբեջանն իրավունք չունի հյուրընկալելու միջազգային էկոլոգիական կոնֆերանս. հնարավո՞ր է կանխել «COP29»-ի անցկացումը Բաքվում

«Դետք»-ն արդեն պատմել է այն մասին, թե ինչպես Ադրբեջանը շորթեց ՄԱԿ-ի կլիմայի միջազգային տարեկան կոնֆերանսը` «COP29»-ը անցկացնելու հնարավորությունը, և ինչ խնդիրներ կարող են ստեղծվել Հայաստանի համար: 

Նաև անդրադարձել ենք այն հարցին, որ Ադրբեջանը սկսել է քարտեզագրել Հայաստանի բնական պաշարները և բնապահպանական խնդիրները` վերոնշյալ կոնֆերանսին ներկայացնելու մտադրությամբ: 

Խնդրի առնչությամբ Հայաստանի հասարակական կազմակերպությունները օրերս հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին չմասնակցել Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29»): Հայտարարության մեջ նշվում էր, որ անկախ հասարակական կազմակերպությունների և ազատ մամուլի մասնակցությունը «COP29»-ին Բաքվում չունի անվտանգության երաշխիքներ, և չի կարելի բացառել սադրանքները կամ այդ երկրից բռնի վտարումը: 

«Դետք»-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ առաջնային և ամենակարևոր հարցն այն է, թե ինչու որոշում կայացվեց նման մասշտաբի միջազգային կոնֆերանսն անցկացնել ագրեսիա դրսևորած և ֆոսֆորային զենք կիրառած երկրում: «Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառումից հետո մենք կազմել և տարածել էինք նամակ` ուղղված միջազգային կազմակերպություններին: Նամակը հասավ հասցեատերերին, սակայն արձագանքը շատ քիչ էր: Հատուկենտ կազմակերպություններ միայն դատապարտեցին Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառումը: Հետևություն կարելի է անել, որ ուշադրություն չի դարձվում Ադրբեջանի նման քայլերին, և դրա հետևանքը նաև այն է, որ այնտեղ պետք է միջազգային կոնֆերանս անցկացվի, այնինչ իրավունք չկար նման ագրեսիա դրսևորած  երկրի ներսում անցկացնելու նման կոնֆերանս»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այն հարցին, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը, խոսելով Հայաստանի հանքավայրերի քարտեզագրման մասին, ասել էր նաև, որ քարտեզը կպարունակի բնապահպանական տեղեկություններ, օրինակ` թե որ գետերն են աղտոտված, որ նյութերով, և որտեղ են թափվում այդ թափոնները, և այդ տեղեկությունը նրանք պատրաստվում են ներկայացնել «COP29» միջազգային համաժողովի մասնակիցներին, Սիլվա Ադամյանը նշեց. «Հայաստանի Հանրապետության էկոլոգիական վիճակի մասին տվյալները բաց են: Տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար նյութեր են հրապարակում այդ թեմայով, տարբեր ծրագրերի շրջանակում գնահատվում և ներկայացվում է էկոլոգիական վիճակը Հայաստանում: Նյութեր հայթայթելը այսօր շատ հեշտ է: Սակայն կարևոր եմ համարում այստեղ շեշտել, որ հասարակական, բնապահպանական կազմակերպություններն այդ ուսումնասիրությունները չեն անում դրսի համար, դա արվում է, որ մեր երկիրը, մեր էկոլոգիան լավ վիճակում լինեն, և երբ այս կազմակերպությունները բողոք են ներկայացնում, ուսումնասիրություններ են անում, դա չի նշանակում, թե Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու համար է: Այլ հարց է, որ Ադրբեջանը ևս հնարավորություն է ունենում օգտվելու եղած հրապարակումներից, ինչպես և մենք կարող ենք օգտվել իրենց երկրում էկոլոգիական խնդիրների վերաբերյալ նյութերից»:

Բնապահպանը նշում է` էկոլոգիական խնդիրների մասին խոսող Ադրբեջանն ինքը կանգնած է էկոլոգիական լրջագույն խնդիրների առաջ, ավելին` որպես նավթ և գազ արդյունահանող երկիր՝ բնապահպանական լրջագույն  խնդիրներ է ստեղծում հատկապես Կասպից ծովի հատվածում: «Մենք ունեցել ենք գործընկերներ Ադրբեջանից, որոնք անդրադարձել են այդ խնդիրներին, և դրա արդյունքում վտարվել են իրենց երկրից: Նրանք հիմա արդեն Ադրբեջանում չեն ապրում, բոլորին վտարել են, կոնկրետ 2-3 հոգու ես գիտեմ, որոնց ընտանիքներին են սպառնացել, վտարել երկրից: Այդ մարդիկ բարձրացնում էին նավթարդյունաբերության խնդիրներ, էներգետիկ ոլորտում դրա օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հարցը, խոսում Բաքու-Ջեյհան գազամուղի խնդիրների մասին և այլն: Բայց Ադրբեջանում այդ բոլոր հարցերը կոծկվում են, լռեցվում:

Թշնամի երկիրը շատ մեծ խնդիրներ ունի Կասպից ծովի և դրա շրջակայքի հետ կապված: Նավթի արդյունահանմամբ պայմանավորված` ամբողջ Կասպից ծովը` որպես էկոլոգիական միջավայր, ոչնչացված է: Եթե մի քանի տարի հետո, ենթադրենք, էլ նավթ չարդյունահանվի, 100 տարի է պետք, որ այդտեղի բնապահպանական խնդիրները լուծվեն: Բացի դրանից՝ մեծ խնդիրներ կան նաև հանքարդյունաբերության ոլորտում: Բոլորովին վերջերս նրանց հասարակությունը բողոքում էր նոր հանքի շահագործման կապակցությամբ, սակայն այդ հանքը շահագործման հանձնվեց»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե այդ բոլոր խնդիրների ներկայացմամբ հնարավո՞ր է արդյոք կանխել «COP29»-ի անցկացումը Ադրբեջանում, Սիլվա Ադամյանը պատասխանեց. «Շատ դժվար է ասել: Ինչպես նշեցի, մենք նամակը գրել և ուղարկել ենք միջազգային կազմակերպություններին, բայց թե ինչպիսին կլինի արձագանքը, չեմ կարող ասել»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն