
Տեղի է ունեցել Ադրբեջան-Ղազախստան միջպետական բարձրագույն խորհրդի առաջին նիստը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ղազախստանի նախագահը երկօրյա այցով մեկնել էր Ադրբեջան։
Մարտի 11-ին տեղի է ունեցել Ադրբեջան-Ղազախստան միջպետական բարձրագույն խորհրդի առաջին նիստը, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ինչ վերաբերում է Ղազախստան-Ադրբեջան հարաբերություններին, մենք առաջին անգամ ենք անցկացնում միջպետական բարձրագույն խորհրդի նիստը։ Սա նույնպես պատմական իրադարձություն է։ Մենք մանրամասն քննարկել ենք մեր տնտեսա-առևտրային և ներդրումային համագործակցության, միջազգային ասպարեզում մեր փոխադարձ գործունեության հետ կապված գրեթե բոլոր հարցերը և հանգել ենք ընդհանուր եզրակացությունների։ Սա ցույց է տալիս, որ Ղազախստանն ու Ադրբեջանը իսկապես ռազմավարական գործընկերներ են, դաշնակից պետություններ։ Հեռանկարները խոստումնալից են, և, բնականաբար, կառավարությունները կզբաղվեն այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմամբ՝ ստորագրված փաստաթղթերի և համաձայնագրերի տեսքով»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Ալիևը հույս է հայտնել, որ այս գործընթացը (Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները - խմբ.) կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
Նախագահները համատեղ մամուլի ասուլիս են տվել։
«Նախատեսում եմ կրկին այցելել Ադրբեջան՝ մասնակցելու թյուրքական պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- ասել է Ղազախստանի նախագահը Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ, որ նման շփումները շատ օգտակար են Ղազախստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ու նույնիսկ դաշինքի ամրապնդման համար: Երբ մենք խոսում ենք ռազմավարական գործընկերության մասին, մենք դա չենք ընդունում որպես գեղեցիկ արտահայտություն կամ դիվանագիտական քաղաքավարություն: Մեր համագործակցությունը ներառում է մեր փոխադարձ գործունեության ռազմավարական բնույթը»,- նշել է Տոկաևը։
Ավելացնել նոր մեկնաբանություն