9

«4 գյուղերի» մասին թեզը հերթական ագրեսիան է ՀՀ-ի նկատմամբ հիբրիդային պատերազմի շրջանակում․ Շահեն Շահինյան

Ադրբեջանը, հիբրիդաին պատերազմ վարելով Հայաստանի Հանրապետության և հայերի դեմ, հերթական անգամ դիմել է մանիպուլյացիայի և փորձում է մեզանից կորզել միակողմանի զիջումներ, որոնք ընդհանրապես կապ չունեն խաղաղության և առավել ևս սահմանազատման հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գեոդեզիստ-քարտեզագիր, «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակ Շահեն Շահինյանը։

«Խոսելով «4 գյուղերի» մասին՝ ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ մենք պետք է իրենց վերադարձնենք 4 գյուղ, սակայն եկեք հասկանանք՝ որտեղ են նախկինում գտնվել այդ գյուղերը, և ինչ իրավիճակ է ներկայում այդտեղ։

*Տվյալները վերցվել են «Google maps» հարթակից որը բաց է և հասանելի ցանկացած օգտվողի համար։

1․Կից նկարում դեղին գծով ներկայացված է ԽՍՀՄ վերջին քարտեզներում խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի խորհրդային սոցիալիստական և Ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև գոյություն ունեցած սահմանագիծը թղթի վրա՝ համաձայն 1970-1985 թթ․։

2․ Դեղին սլաքներով նշված են այն 4 բնակատեղիների վայրերը որոնց մասին խոսք է գնում։ Դրանք նախկինում կոչվել են՝ Կզլհաջլի, Խեյրիմլի, Ներքին Ոկեպար, Բաղանիս Այրում։

3․ Կապույտով նշված են հայկական մարտական հենակետերը։

4․ Կարմիրով նշված են ադրբեջանական մարտական հենակետերը։

Եթե լինի փոխհամաձայնեցում, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց սահմանները ճանաչում են ԽՍՀՄ վարչատարածքային բաժանման հիման վրա, և որպես քարտեզագրական հիմք է ընդունվելու ԽՍՀՄ գլխավոր շտաբի 1970-1985 թթ․ տեղագրական քարտեզները (որի վերաբերյալ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարել է, որ ընդհանրապես համաձայն չէ), կստացվի, որ համաձայն դրանց՝ Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում եղած բնակատեղիներից Բաղանիս Այրում բնակավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի տարածքում, այսինքն՝ խոսք է գնում 3․5 գյուղի մասին։

Իսկ երբ նայում ենք մարտական հենակետերի տեղակայումները, կարող ենք հստակ տեսնել, որ այս 4 բնակատեղիներից ընդամենը 1․5-ում (Խեյրիմլի և Բաղանիս Այրումի կեսը, տե՛ս կից նկարը) են առկա հայկական մարտական հենակետեր, մյուսները (Կզլհաջլի և Ներքին Ոսկեպար) գտնվում են չեզոք գոտում (հայկական և ադրբեջանական մարտական դիրքերի միջդիրքային հատվածում)։

Այս ամենից եզրակացնում ենք, որ «4 գյուղերի» մասին թեզը հերթական ագրեսիան է ՀՀ-ի նկատմամբ հիբրիդային պատերազմի շրջանակում։

Չկան հայերի կողմից օկուպացված «4 գյուղեր», և եթե այս ամենը դիտարկվում է սահմանազատման պրոցեսի շրջանակում, ապա պետք է հստակ ֆիքսվի այն իրավական հիմքը, որի հիման վրա այս գյուղերը պետք է գտնվեն Ադրբեջանի կազմում, և պետք է հստակ նշվի ժամկետ, թե երբ են ազատվելու հայկական բնակավայրերի տարածքները»,- գրել է Շահինյանը։

Image removed.

Ավելացնել նոր մեկնաբանություն