2023 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 2.4 տրիլիոն դոլարը. SIPRI
Համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին հասել են 2.443 տրիլիոն դոլարի՝ 6.8 տոկոսով ավելի, քան 2022 թվականին: Սա ամենամեծ աճն էր 2009 թվականից ի վեր:
Այս մասին նոր զեկույցում հայտնել է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI):
«Համաշխարհային ռազմական ծախսերն ավելանում են պատերազմի, աճող լարվածության և անորոշության ֆոնին»,- շեշտում են հեղինակները:
Աճը շարունակվել է իններորդ տարին անընդմեջ և նկատվել է բոլոր շրջաններում։ Այն հասել է իր ամենամեծ ցուցանիշներին Եվրոպայում, Ասիայում և Օվկիանիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում:
Ընդհանուր ռազմական ծախսերը 2023 թվականին կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2.3%-ը։ Այս ոլորտում ամենամեծ ծախսեր կատարած երկրների հնգյակում են եղել ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան, որոնք միասին ապահովել են համաշխարհային ռազմական ծախսերի 61%-ը:
Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Չինաստանը, որոնք գլխավորում են համաշխարհային վարկանիշը, 2023 թվականին ավելացրել են իրենց ռազմական ծախսերը՝ համապատասխանաբար կազմելով $916 և $296 մլրդ։
2023 թվականին ՆԱՏՕ-ի 31 երկրների ռազմական ծախսերը կազմել են 1.341 տրիլիոն դոլար, ինչը հավասար է համաշխարհային մասնաբաժնի 55%-ին։ ԱՄՆ ռազմական ծախսերն ավելացել են 2.3%-ով՝ հասնելով 916 մլրդ դոլարի կամ ՆԱՏՕ-ի ընդհանուր ծախսերի 68%-ին։ 2023 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպացի անդամներից շատերն ավելացրել են իրենց ռազմական բյուջեները, որոնց մասնաբաժինն ընդհանուր ծախսերում կազմել է 28%: Մնացած 4%-ը ապահովել են Կանադան և Թուրքիան։
Ռազմական ծախսերի ծավալով երկրորդ տեղում է Չինաստանը, որը 2023 թվականին ծախսել է 296 միլիարդ դոլար, ինչը 6 տոկոսով ավելին է, քան 2022 թվականին։ Սա 29-րդ տարին էր, երբ երկիրը անշեղորեն ավելացնում է իր ռազմական բյուջեն։ Այժմ այն հավասար է Ասիայի և Օվկիանիայի ընդհանուր ռազմական ծախսերի կեսին:
Ռուսաստանի Դաշնության ռազմական ծախսերն աճել են 24%-ով և 2023 թվականին գնահատվել 109 մլրդ դոլար՝ 57%-ով ավելի, քան 2014 թ.: Անցյալ տարի ռազմական կարիքների համար հատկացումները կազմել են բյուջեի բոլոր ծախսերի 16%-ը, իսկ ռազմական բեռը կազմել է ՀՆԱ-ի 5.9%-ը։
Ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 22-րդ տեղը։ 2014-2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն աճել են 59%-ով, իսկ 2022-ի համեմատ 2023-ին` 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։ Թուրքիան 2023-ին իր ռազմական ծախսերն ավելացրել է բոլոր տարածաշրջաններում, մասնավորապես Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում և Մերձավոր Արևելքում։
Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում ռազմական ծախսերը 2023 թվականին 2014 թվականի համեմատ աճել են 54%-ով։ Կազմակերպված հանցավորության աճը տարածաշրջանի մի քանի երկրների ստիպել է ուժեղացնել իրենց զինված ուժերը հանցավոր խմբավորումների դեմ պայքարելու համար:
Ավելացնել նոր մեկնաբանություն