Արծվաշենի և Հայաստանի 31 գյուղերի հարցը լինելու է սահմանազատման գործընթացում․ Նիկոլ Փաշինյան
Բանակցությունների ողջ ընթացքում, հրապարակային և ոչ հրապարակային, Հայաստանը բարձրացրել է իր 31 գյուղերի կենսական նշանակության տարածքների հարցը, նաև Արծվաշենի հարցը, որը լինելու է սահմանազատման գործընթացում։ Հանրային հեռուստաընկեությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Տավուշի 4 գյուղերից հետո արդյոք երաշխավորված է լեգիտիմությամբ, որ Ադրբեջանը կվերադարձնի Հայաստանին Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի ուղղություններում այն տարածքները, որոնք լեգիտիմորեն Հայաստանինն են։
«Երբ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը ֆիքսում ենք որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք՝ առաջին հերթին ֆիքսում ենք մեր լեգիտիմ իրավունքը և լեգիտիմ պայմանավորվածությունը՝ սահմանազատում իրականացնել այս տարածքում։
Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել խոսույթի վրա, ակնհայտ է, որ սա ուղղակի խոսակցություն չէ: Այստեղ ամեն բառն ունի իր նշանակությունը, մենք ասում ենք և դա արձանագրվել է, և ըստ էության Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ նշանակում է՝ մենք ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ենք ստեղծում, այլ վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմաններն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ինչո՞ւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որովհետև Ալմա-Աթայի հռչակագիրը մեր խոսակցության համատեքստում ունի երկու նշանակություն, որ Խորհրդային Միության 12 հանրապետությունները՝ ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, պայմանավորվել են երկու բանի մասին, մեր խոսակցության համատեքստում, առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և Խորհրդային Հանրապետությունները դառնում են ինքնիշխան պետություններ՝ ճանաչելով Խորհրդային Միության շրջանակներում գոյություն ունեցող սահմանները որպես պետական սահման և արձանագրելով դրանց անխախտելիությունը»,- նշել է վարչապետը։
Ավելացնել նոր մեկնաբանություն