1

«Հայկական իրողության մեջ «ադրբեջանցի փախստականների» վերադարձի, «Արևմտյան Ադրբեջանի» հարցերի ընկալումը շատ թյուր է, չկա ռիսկերի գնահատում, հակազդումը բացակայում է»․ «Առավոտ»

«Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

- Տիկի՛ն Ավագյան, հունիսի 20-ին Փախստականների միջազգային օրն էր։ Արցախից բռնի տեղահանումից հետո հայ փախստականների թիվն ավելացավ, ի՞նչ իրավիճակ ունենք այս ոլորտում։

- Փախստականության երևույթն անընդհատ բացահայտում է հայության գոյութենական խնդիրը, հայության՝ իր կենսատարածքի վրա ապրելու և արարելու մղումն ու ձգտումը, հայկական պետականության՝ որպես հայության կենսատարածքի պաշտպանության ու հարատևման եզակի գործիքի ներուժը։ Այո՛, թե հայ փախստականության ձևավորման ընթացքը ու թե դրա հետագա պաշտպանվածությունը հայկական պետականության կայացվածության վկայությունն ու կարևոր չափանիշներն են։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած արցախահայության փախստական դառնալու փաստը, ողջ Արցախի Հանրապետության՝ շրջափակման մեջ հայտնվելն ու հայության դեմ առնելը հերթական ցեղասպանության ընթացքին բացահայտեցին վերջին 30 տարիների համար հայկական պետական մտածողության բացակայության իրականությունը, դրա ռազմաքաղաքական մոտեցումների անհեռանկար ու անճար վիճակը։

Հետպատերազմյան Հայաստանը, երբ դեռևս չի լուծվել 1988-1992 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների բնակարանային հարցը, այսօր բախվել է շուրջ 120 հազար արցախահայերին բնակարանով ապահովելու խնդրին, և ոչ միայն։ Այո՛, հայ փախստականների հոգսերի «լուծման» խնդիրը, ներքին կեղեքիչների սեփական բարեկեցության ապահովման լավագույն աղբյուրը լինելով, մինչ օրս արգելափակել է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների նաև բնակարանային խնդիրների լուծման հարցը։ Ու ոչ մի «թավիշ» էլ այդ հարցին անգամ չանդրադարձավ, քանի որ խնամի-ծանոթ-բարեկամ շղթան կոռուպցիայի լավագույն հենարաններից է մնում, ու այն այսօր էլ ամրանում ու երկարում է։ Քանի որ պետական մակարդակով մինչև Արցախի ամբողջական հայաթափումը հայտարարվել է, որ փախստականների հարցը պետական քաղաքականության մաս չէ, ապա ակնհայտ այսօր էլ փախստականության խնդիրը չի մտել պետական քաղաքականության տիրույթ։ Այն որոշումները, որոնք տարբեր առումներով կառավարությունում ընդունվում են արցախահայությանը աջակցության նպատակով, դառնում են տարընթերցումների, կասկածների պատճառ, անվստահության ու նոր անջրպետների բերում, աղճատում հայությանը մասերի, տեղի տալիս հակահայ հիբրիդային պատերազմի։ Ու պետական մշակված ռազմավարության բացակայության պարագայում դյուրին է խթանել հակահայ հիբրիդային պատերազմը, ու սա այն է, որ ինչքան երկրին վատ, այնքան այդ պատերազմը վարողների համար բարերար ու պարարտ միջավայր։

Այսօր արցախահայի համար առանցքային խնդիր է բնակարանային հարցը, բայց փոխվարչապետի առաջարկած ծրագրով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ունեն միայն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած արցախահայերը։ Ու կրկին բազմաշերտ չհասկացված հարցեր՝ սկսած ՀՀ քաղաքացու մի անձնագիրը մեկ այլ համարժեք անձնագրով փոխարինելը, որտեղ արդեն բացակայում է Արցախի Հանրապետության ծածկագիրը։ Եվ թե ի՞նչ ռիսկեր են սրանք կուտակում հայության դեմ մի օր պայթելու համար, արդյոք հնարք չէ Արցախի հարցը վերջնական մոռացության տալու։

Իսկ եթե արցախահայը չի փոխում Արցախի ծածկագրով անձնագիրը, ապա ի՞նչ է սպասվում, մի՞թե հայ մարդու ու հայ ընտանիքի արժանապատվությունը նսեմացնող այն նույն 30 տարիների ընթացքը։ Հայկական պետականությունն այսօր պետք է հաղթահարի փախստականների դեմ տարվող նախորդ 30 տարիների ստորացնող ու ավերիչ ժառանգությունը, եթե ոչ, ապա այլևս չի հաղթահարվի գոյութենական փոսը, ու սա սպառնալիք է հայկական պետականությանը։

- Դուք ճիշտ նկատեցիք, որ հայ փախստականների հարցերը պատշաճ չեն բարձրաձայնվում ՀՀ իշխանությունների կողմից, օրինակ՝ միջազգային ատյաններում Արցախից բռնի տեղահանված փախստականների հարցով ի՞նչ աշխատանք է տարվում, Դուք ի՞նչ տեղեկություն ունեք։ Այս ֆոնին մենք տեսնում ենք, որ Բաքուն (խմբ․) կեղծ թեզեր է առաջ քաշում այս ոլորտում, այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձի հարց է բարձրացնում։

- Արցախի Հանրապետությունից փախստականների խնդիրը միջազգային ատյաններում պետք է դառնա հայության դեմ շարունակական տարվող ցեղասպանության զսպման միջոց։ Կարծես մեզ ընտելացրել են ցեղասպանվելուն, ու մենք չենք կառուցում դրա զսպման դիմադրական համակարգ։ Արցախահայ փախստականների հարցը նախևառաջ ցեղասպանության զսպման դիմադրական համակարգ է, որի ձևավորման պահանջներն են՝

- Արցախի դեմ ընթացող ցեղասպանության ճանաչում և օրենսդրական ակտի ընդունում, դրա կասեցման համար միջազգային ատյաններում արցախահայության վերադարձի հարցի ամրագրում։

- Շուրջ 120 հազար փախստականներին փախստականի կարգավիճակի և դրա վկայականի տրամադրում։

- Մինսկի խմբի գործունեության վերականգնման պահանջ և քայլեր դրա ուժեղացմանը միտված։

Ակնհայտ է, որ նման գործողությունները պահանջում են ճկուն, նպատակասլաց ու հեռատես արտաքին քաղաքականություն, սակայն այստեղ էլ 30 տարվա ժառանգության իներցիան ակնառու է, նախաձեռնողականության բացարձակ պակաս ու կրավորական կեցվածք, միայն ծույլ ու ամուլ հակադարձման արձագանք հակահայ այս կամ այն իրողությանը՝ նաև երկրից դուրս գործող դեսպանատների կողմից։

Ինչ վերաբերում է թուրքական կեղծ թեզերին, դրանք նոր չեն, պարզապես նոր թափ են առել, ու այո՛, այդ կեղծ թեզերի ակտիվ շրջանառման մեջ մեծ մասնակցություն ունի նաև հայկական պատմագիտական շերտը։ Տեսե՛ք, թե ինչպես են հավատարիմ այդ կեղծ թեզերն այսօր էլ շրջանառում։ Այո՛, նրանք շրջանառում են կեղծ ադրբեջանական թեզերը, ասենք, մի դեպքում աղավաղելով ՄԱԿ-ի փախստականի բնորոշումն ու Արցախյան ազատամարտի ընթացքը՝ Հայաստանից, երբեմնի յոթ շրջաններից ու ԼՂԻՄ-ից հեռացածներին կոչում են փախստական։ Կամ էլ ունենալով իրենց անձնական ազդեցությունը գործող իշխանությունների վրա՝ արգելափակում են նրանց փորձը շրջանառելու Ադրբեջանական ԽՍՀ-ից ավելի քան 800 հազար հայ փախստականների թիվը, կրկին գործող իշխանությունների վզին փաթաթելով ադրբեջանական կեղծ թիվը՝ շուրջ 500 հազար։ Մեկ այլ հանգամանք էլ, կարևոր հանգամանք, հայկական պատմագիտական շերտը արգելափակում է «Սումգայիթ-Բաքու-Կիրովաբադ-Շահումյան-Գետաշեն-Մարաղա-Արցախ»-ը ցեղասպանություն ճանաչելու ընթացքը, ընդհանրապես դրա քննարկման ընթացքն է արգելափակում։ Իհարկե, դրանք երբեմն քչփչում են մտերմիկ միջավայրում, թե դա ցեղասպանության շղթա է, բայց ռեալ կյանքում արգելափակում են անգամ դրա քննարկումը։ Միգուցե խնդիր ունեն սիներգիզմի օրենքով ուժեղացնել «ադրբեջանցի փախստականների» վերադարձի՞ հարցը։

Ընդհանուր առմամբ այսօր հայկական իրողության մեջ «ադրբեջանցի փախստականների» վերադարձի, «Արևմտյան Ադրբեջանի» հարցերի ընկալումը շատ թյուր է, չկա դրանց ռիսկերի ռեալ գնահատում, և հակազդումը բացակայում է, քանի որ ողջ «ոլորտը» մնում է ինքնակոչիկների, իշխանամոտ սատելիտների խանդոտ ազդեցության ոլորտում, երբ առաջնայինը երկրի անվտանգային համակարգը չէ, այլ սեփական «թիմի» հանրային տեսանելիությունն ու բարեկեցությունը։ Տեսնո՞ւմ եք, թե արցախյան փախստականությունը ինչպես է բացում հայկական պատմաքաղաքական մտքի ախտահարված լինելու փաստը։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

8
Արցախցին մտահոգ է, որ ընդունելով ՀՀ քաղաքացիություն` կկորցնի վերադարձի իրավունքը. Գեղամ Ստեփանյան
Սերգեյ Կոպիրկինին Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին
Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե»
1
Հայկական պատվիրակությունն մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի միջոցառմանը
14
«Հայաստանն Ադրբեջանի դեմ պատերազմ է նախապատրաստում». այս վերնագրով հոդվածների պակաս ադրբեջանական իշխանական ու քարոզչական մամուլում չկա. ադրբեջանագետ