ՊՆ ծախսերի կրճատումը չի անդրադառնա մեկնարկած բարեփոխումների վրա. պաշտպանության փոխնախարար
ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի կրճատումը չի անդրադառնա արդեն իսկ մեկնարկած ծրագրերի վրա։
ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` միևնույն ժամանակ նշելով, թե «կրճատումը» զուտ լրագրողների ձևակերպումն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2025 թ. ՀՀ պետական բյուջեի համեմատ` 2026 թվականին պաշտպանության նախարարության ծախսերը կկրճատվեն 15,3 %–ով և կկազմեն 563,1 մլրդ դրամ: Բացարձակ թվերով կրճատումը կկազմի 101,5 մլրդ դրամ։
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ այն բարեփոխումները, որոնք ընթացքի մեջ են, շարունակվելու են։ ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից հանգամանալից ներկայացրել է այս հարցի պատասխանը, իսկ ամենից կարևորն այն է, որ մեկնարկած որևէ բարեփոխում չի կանգնեցվելու և մոտենալու է իր տրամաբանական ավարտին»,- ասաց նա։
Փոխնախարարը հավելեց, որ իր նախարարության ֆինանսաբյուջետային հարցերն իր ղեկավարման տիրույթում չեն, ու շատ մանրամասների չի տիրապետում։
Ավելացնել նոր մեկնաբանություն