detq

Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը 

Հեղինակ
Անուշ Մուրադյան

«Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության 2024 թվականի հունիսի 19-ի հայտարարությունը, որն արդարացնում է այդ երկրի սպառազինվելու ջանքերը»,- ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Բաքվի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունը։  

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությանը, որ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, Հաջիզադեն նշել է. «Պետք է բոլորին հայտնի լինի, որ Հայաստանի կողմից այդ քայլերը ոչ օրինական են և սպառնալիք են մեր երկրի համար»:

Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «Հայաստանը, որը շուրջ 30 տարի կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ագրեսիա է իրականացրել Բաքվի Հանրապետության (խմբ.) տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ՝ խախտելով Ալմա-Աթայի հռչակագիրը, որը հիմա բազմիցս վկայակոչում է, շարունակում է տարածքային հավակնություններն իր հարևանների նկատմամբ, դադարեցրել է ագրեսիվ գործողությունները միայն Բաքվի քայլերից հետո և դիմում է քաղաքական մանիպուլյացիաների՝ փորձելով ստեղծել խաղաղ երկրի իմիջ»։ 

Հաջիզադեն նշել է. «Աբսուրդ է, որ ոչ մի սահման չճանաչող Հայաստանը 30 տարի անց ադրբեջանցի զինվորների դիրքերը ներկայացնում է որպես իրենց գյուղերի տարածքներ՝ առանց սահմանազատման, իսկ Բաքվի Հանրապետությանը (խմբ.) մեղադրում է օկուպացիայի մեջ։ Հասկանալի է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Ֆրանսիան է, որը, իբր, պահպանում է խաղաղությունը և մրցակցում է Հայաստանին մահաբեր հարձակողական զենքի մատակարարման հարցում՝ ի հեճուկս նրա պաշտպանունակության բարձրացմանն ուղղված հայտարարությունների, ծառայում են Հայաստանը լարվածության և սպառնալիքների նոր աղբյուր վերածելուն։ Հաշվի առնելով, որ այս քաղաքականությունը նպաստում է հայկական հաջորդ հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այս քայլերից, քանի դեռ ուշ չէ։ Բաքվի Հանրապետության (խմբ.) և Հայաստանի միջև իրական ու տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ Բաքվի դեմ նման սադրանքների և քաղաքական մանիպուլյացիաների փոխարեն հայկական կողմը պետք է ոչ թե խոսքով, այլ գործով կատարի միջազգային պարտավորությունները և նպաստի խաղաղ գործընթացին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Դետք
Բայդենն Իսրայելին խորհուրդ է տալիս Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու այլընտրանք գտնել
detq
Եթե ​​Թուրքիան ցանկանում է անվտանգություն և կայունություն, պետք է ուժեղացնի պաշտպանական արդյունաբերությունը. թուրք նախարար