Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքը ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության վերաբերյալ
Թուրքիայում գործող այսպես կոչված «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարը համակարգող խորհրդի» նախագահ Սավաշ Էյըլմեզը հայտարարել է, թե իբր Իրանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից «շուրջ 4000 շիա զինյալ է տեղափոխել Արցախ, որոնք, ուս ուսի տված, վարժվում են ՈՄԱ ռազմահայրենասիրական խմբավորման անդամների, ինչպես նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչների հետ»։ Այս տեղեկությունն անմիջապես արտատպել է ադրբեջանական իշխանություններին բավականին մերձ կանգնած «Haqqin.az» լրատվականը, որը տեղեկությունը հրապարակել է հետևյալ խորագրով՝ «Իրանը զինյալներին տեղափոխո՞ւմ է Ղարաբաղ»։
Ադրբեջանական լրատվամիջոցն իր իսկ տարածած ապատեղեկության մեջ խոստովանել է, որ թուրք պաշտոնյան իր ասածի համար որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել։ Միևնույն ժամանակ ադրբեջանական քարոզչամեքենան իր հրապարակումը հիմնավորելու նպատակով հղում է արել շաբաթներ առաջ Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած «Թուրքիա» պարբերականում հրապարակված մի հոդվածի, որում նշվել է, որ Սիրիայում և Իրաքում գործող ԻՀՊԿ-ի վստահված անձանց շարքերից մոտ չորս հազար գրոհային է ուղարկվելու Արցախ։
Հատկանշական է, որ Էյըլմեզը նաև պնդել է, թե իբր իրանցի զինյալներն արդեն ժամանել են Արցախ, այն դեպքում, երբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ավելի քան երեք ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից շրջափակված է։
Թուրք-ադրբեջանական տանդեմը միևնույն ժամանակ չի խուսափել հերթական անգամ ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության վերաբերյալ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց։ Լրատվամիջոցը պնդել է, թե իբր «Հայաստանը չի հրաժարվում իր պատմական «սովորություններից» և ստեղծել է այս զինված ահաբեկչական կազմակերպությունն օտար ուժերի աջակցությամբ»։ Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ «ՈՄԱ-ն ահաբեկչական կազմակերպություն է, որի ղեկավար Վլադիմիր Վարտանովն աջակցում է Քուրդիստանի բանվորական կուսակցությանը և Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին, ինչպես նաև իր շարքերը համալրելու համար վարձկաններ է հավաքագրում Եվրոպայից և Մերձավոր Արևելքից»։ «Haqqin.az»-ը հավելել է, որ վերջին շրջանում այդ գործընթացին աջակցել է նաև Իրանը։
Բացի դրանից՝ հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությանը, ինչպես նաև իրանական կողմի՝ Հայաստանին աջակցող հայտարարություններին։ Էյըլմեզը հայտնել է, որ Իրանն իր հյուսիսային սահմաններում չի ցանկանում համակերպվել ադրբեջանական պետության գոյության հետ, դեմ է Թուրքիայի համար չափազանց կարևոր «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ինչպես նաև մտահոգված է թուրք-ադրբեջանական դաշինքով։
Ինչ վերաբերում է ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության և նրա ղեկավարի գործունեության նկատմամբ Ադրբեջանում առկա հիստերիային, ապա դա բնական ենք համարում, քանի որ կազմակերպության գործունեությունն առաջին հերթին նպաստում է բնակչության շրջանում ինքնապաշտպանական հատկանիշների զարգացմանը, ինչն անշուշտ խոչընդոտում է և առաջիկայում էլ խոչընդոտելու է թուրք-ադրբեջանական առավելապաշտական նկրտումների իրականացմանը։ Բնականաբար Հայաստանում նման ռազմահայրենասիրական կազմակերպության գործունեությունը պետք է դուր չգա Ադրբեջանի ռազմատենչ վարչակազմին, որը պարբերաբար խախտում է իր իսկ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև կրակ բացում Հայաստանի և Արցախի սահմանների ուղղությամբ։
Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել նաև այն բանին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար նման քարոզչական նախաձեռնություններ են իրականացվում, որպեսզի միջազգային հանրության աչքին ստվերեն այն զազրելի արարքները, որոնք տեղի են ունենում հենց Ադրբեջանում, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում՝ ադրբեջանական սադրանքների և շրջափակման քաղաքականության հետևանքով։
Նշենք, որ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության գործունեությունն ամբողջովին համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը և երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Կազմակերպությունը կարծում է, որ Հայաստանից և Սփյուռքից պահեստազորի, նորակոչիկների ու կամավորների պատրաստումը կօգնի ստեղծել ավելի հզոր պետություն և կդառնա իրական պահեստային բանակ՝ անհրաժեշտության դեպքում գործի անցնելու համար։
Հիշեցնենք, որ ՈՄԱ-ն իրականացնում է մի շարք ոլորտներ ընդգրկող դասընթացներ 16 տարեկանից բարձր անձանց շրջանում։ ՈՄԱ-ի վերջնական նպատակն է ստեղծել բոլոր պետություններին բնորոշ համապարփակ պաշտպանական համակարգ, այն է՝ պատրաստված բնակչություն, որն արտակարգ և ճգնաժամային ամենատարբեր իրավիճակներում կկարողանա ճիշտ կողմնորոշվել, պաշտպանել և ինքնապաշտպանվել:
Հատկապես Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի գործած հանցանքները հաշվի առնելով՝ բնակչության ինքնապաշտպանական կարողությունների ամրապնդումը չափազանց կարևոր նշանակություն ունի, ինչը թույլ կտա հնարավորինս խուսափել այնպիսի կորուստներից, որոնք ճիշտ վարքագծի դեպքում հնարավոր է կանխել։
Կարծում ենք, որ պարբերաբար դիմելով նման տեղեկատվական սադրանքների՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ ծրագրվող նոր սադրանքների համար հող նախապատրաստել, ինչը կօրինականացնի ադրբեջանական նոր ագրեսիան։ Նկատենք, որ վերջին շաբաթներին չափազանց մեծ է Ադրբեջանի կողմից նոր ռազմական սադրանք իրականացնելու հավանականությունը։ Ստեղծված պայմաններում իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը։
Ավելացնել նոր մեկնաբանություն