
ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսանկյունից․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
«Հայաստանում շատերը կենտրոնացած են անվտանգային խնդիրների շուրջը։ Ես ուրախ եմ, որ մենք առաջընթաց ունենք անվտանգային ոլորտում համագործակցության հարցում։ Եվրամիությունը շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունության և կարգավորման հարցին»,- այս մասին «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, փոխանցում է «Առավոտը»։
Դեսպանը խոսեց համագործակցության ծրագրերի մասին. «Նախ և առաջ քաղաքական և անվտանգային երկխոսությունը Հայաստանի հետ, ես ցանկանում եմ Հայաստանի իշխանություններին շնորհակալություն հայտնել այդ երկխոսության հանձնառության համար։ Երկրորդը՝ ԵՄ քաղաքական դիտորդական առաքելությունն է Հայաստանում, որը մշտադիտարկում է սահմանի հայկական կողմից իրավիճակը և հայ ժողովրդի համար ներդրում է կատարում մարտական իրավիճակի ուղղությամբ։ Նաև Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսանկյունից, բայց էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները։ Սա վերաբերում է եվրոպական խաղաղության մեխանիզմին»,- ասաց դեսպանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն