
Տավուշցիները բացեցին ճանապարհը՝ ակնկալելով հանդիպում փոխվարչապետի հետ
Վաղ առավոտից Վրաստան տանող ճանապարհի Կիրանց գյուղի հատվածը փակած տավուշցիները բացում են ճանապարհը։ Կիրանցի գյուղապետի փոխանցմամբ, պայամանավորվել են, որ երկուշաբթի օրը հանդիպում կլինի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ, փոխանցում է «Ազատությունը»:
Գյուղացիներն ասացին, որ իրենք Երևան չեն գալու և ակնկալում են, որ պաշտոնյաներն իրենք կժամանեն Տավուշ ու կպատասխանեն իրենց հարցերին։
Փակ ճանապարհը մեծ խցանում էր առաջացել այս հատվածում, մեքենաները շրջանցում էին ճանապարհը Աջարակուտով։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ավելի վաղ հանդիպել ու զրուցել էին բնակիչների հետ, սակայն քաղաքացիները հրաժարվել էին բացել ճանապարհը՝ պնդելով, որ այս հատվածում սահմանազատում իրականացնելը հայկական կողմից միակողմանի զիջում է։
Նրանք մտահոգված էին՝ նշելով, թե «անվտանգության ոչ մի երաշխիք իրենց չեն տալիս, իշխանությունների խոսքերին չեն հավատում, ճանապարհն ազատել չեն պատրաստվում»։
Երեկ հաղորդվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։
Ոսկեպարից երեկ «Ազատության»-ը հատնել էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն