4521

Եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի համար օգտագործվում է Ոստիկանությունը. Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի՝ թիրախավորելու համար Հայ Առաքելական Եկեղեցուն, հեղինակազրկում Ոստիկանությանը ու դրանով իսկ թուլացնում պետության անվտանգությունը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության անվտանգության կարևոր բաղադրիչ է և ունի սահմանադրական կարգավիճակ։ Այս մասին անգամ գրված է 2020թ․ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։

Իր հերթին Ոստիկանությունը պետության անվտանգությունն ու իրավակարգն ապահովող հենասյուներից է։

Նախ Եկեղեցու՝ իբրև կառույցի, հոգևորականների  թիրախավորումը թուլացնում է պետությունը, պառակտում հասարակությունը, հրահրում է ներքին թշնամանք թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ 
Այս արշավն ուղղակիորեն կազմակերպում և իրականացնում է այսօրվա իշխանությունը, քանի որ դա է պահանջում նրա քաղաքական շահը. դա իշխանություն, պաշտոններ պահպանելու միջոց է։ Այսինքն՝ եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի համար օգտագործվում է Ոստիկանությունը։
Այս ամենը հասարակության մեջ ոստիկանների նկատմամբ հասկանալիորեն առաջացնում է վրդովմունք, վիրավորանքներ ու բացասական վերաբերմունք առհասարակ, ինչն էլ իր հերթին Ոստիկանությանը դարձնում է ագրեսիվ նման վերաբերմունք դրսևորող մարդկանց նկատմամբ։ 

Ընդ որում, այդ մարդկանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք է առաջանում նաև հասարակության այն մասի մոտ, ովքեր իշխանության աջակից են, իշխանական քարոզի զոհ կամ այլ վերաբերմունք ունեն Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այս ամենը հղի է անկանխատեսելի վտանգավոր հետևանքներով։ 
Ստացվում է՝ քաղաքական գործող իշխանությունն հանուն իր շահերի թուլացնում է մեր պետության անվտանգության ու ամրության հենասյուները՝ Ոստիկանությունն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես նաև հասարակության մեջ առաջանում անհանդուրժողականություն, հրահրում է ներքին թշնամանք՝ խորացնելով լարվածությունն ու պառակտումը»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն