ացս

Թուրքիան պահանջ չունի՞ Հայաստանից. ինչ է նշանակում Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Թուրքիան պահանջ չունի Հայաստանից: Արտգործնախարար Միրզոյանի այս խոսքերը հնարավոր է մեկնաբանել տարբեր կերպ, ու եղել են նաեւ տարբեր մեկնաբանություններ:

Ինքս առաջարկում եմ այս հայտարարության բովանդակությունը դիտարկել հետեւյալ անկյուններից: Նախ, իհարկե Միրզոյանը չի էլ ասի, որ Թուրքիան ունի Հայաստանից պահանջներ, որովհետեւ դա ասելու դեպքում նշանակում է պարզապես դադարեցնել Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական որեւէ աշխատանք, գործընթաց եւ այլն:

Միեւնույն ժամանակ, կարող ենք դիտարկել նաեւ զուգահեռ իմաստ: Թուրքիան չունի Հայաստանից պահանջ, այլ՝ Հայաստանին ուղղված պահանջները գործնականում պահանջ են երրորդ երկրների, որոնք հայ-թուրքական հարաբերության կարգավորման կամ առնվազն այդպիսի գործընթացի աշխարհաքաղաքական շահառու են, այս կամ այն մոտիվով կամ պատճառով:

Այսինքն, Թուրքիան համարում է, որ Հայաստանն այն քաշային կատեգորիան չէ, որին անգամ ներկայացնի ուղիղ իմաստով պահանջ, եւ Թուրքիայի պահանջների բուն հասցեատերերը այդ վերը նշածս շահառուներն են:

Սրանից իհարկե չի փոխվում այդ պահանջների ազդեցությունը Հայաստանի հանդեպ: Ազդեցությունն ու իմաստը՝ Հայաստանը պետք է լինի ըստ էության «դեկորատիվ» պետություն:

Այստեղ գլխավոր հարցն այն է, թե ո՞վ չի ընդունում Հայաստանի այդօրինակ «կարգավիճակը», այլ կերպ ասած՝ ո՞վ չի ընդունում Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի պահանջները: Ամբողջ հարցն այն է, որ դրա վերաբերյալ պատասխանը ձեւավորելու համար, այդ պահանջները չընդունող միջավայր պետք է ձեւավորվի Հայաստանում: Եվ ամենեւին ոչ զգայական միջավայր, այլ քաղաքական, բովանդակային:

Ավելին ասեմ, ըստ իս, Թուրքիայի գլխավոր խնդիրն է նաեւ Հայաստանում ստանալ այդ պահանջների հանդեպ հենց զգայական դիմադրության կամ հակադրության միջավայր: Դևա համար է նաեւ, որ Անկարան տարբեր մակարդակի, այդ թվում ոչ կառավարական մակարդակների հեղինակների միջոցով փորձում է անել հայտարարություններ, որոնք Հայաստանում խթանում են ավելի շատ էմոցիոնալ դիմադրության ֆոն, քան քաղաքական-բովանդակային»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն