ավդ

ՀՀ իշխանությունը հաստատում է ադրբեջանական պահանջն ու իր մտադրությունը` փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Օրեր առաջ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար:

Սրանով Միրզոյանը մի կողմից հաստատեց քաղաքական դաշտում երկար ժամանակ շրջանառվող այն համոզմունքը, որ իշխանությունը ՀՀ Սահմանադրությունը ցանկանում է փոոխել Ադրբեջանի պահանջով, սակայն զուգահեռ դաշտ նետեց մի մոտեցում, որ ՀՀ-ն էլ նույնաբովանդակ պահանջներ ունի Ադրբեջանից:

Բաքվից արձագանքը չուշացավ և Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանելով հայտարարությունը նշեց, որ «ՀՀ Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի Սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտեր տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան պետությունների և Հայաստանի նկատմամբ, հետևաբար, այս հարցում զուգահեռներ անցկացնելու փորձերն անընդունելի են»:

Հիմա ինչ ունենք: Մի կողմից` ՀՀ իշխանության պարզաբանումը, որի նկատմամբ որևէ վստահություն մեր քաղաքացին չունի, մյուս կողմից` թշնամական երկրի արձագանք առ այն, որ ՀՀ պաշտոնյայի հայտարարությունը չի համապատասխանում իրականության (թշնամու խոսքն էլ «հալած յուղի պես» ընդունելի չէ):

Այն, որ ՀՀ իշխանությունը հաստատում է ադրբեջանական պահանջն ու իր մտադրությունը` փոխելու ՀՀ Սահմանադրությունը, արդեն փաստ է, իսկ թե արդյո՞ք Ադրբեջանը կգնա հայելային սահմանադրական փոփոխությունների, այս առումով փաստական որևէ գործընթաց նկատելի չէ:


 

Ավելացնել նոր մեկնաբանություն