Որքանո՞վ է հավանական Հայաստանի՝ հնդկա-իսրայելական «MR-SAM» հրթիռային համակարգի ձեռքբերումը
Բուլղարական պաշտպանության համակարգին կից մամուլը գրել է, որ զեկույցները ցույց են տալիս` Հայաստանը հատկապես հետաքրքրված է «Barak 8» «երկիր-օդ» հրթիռային համակարգով, որը Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է (հայտնի է նաև որպես «LR-SAM» կամ «MR-SAM»), որը նախատեսված է օդային տարբեր սպառնալիքների դեմ կայուն հակաօդային պաշտպանություն ապահովելու համար:
Ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը վստահ չէ՝ «MR-SAM» ձեռք բերելու գործարքը որքանով կհաջողվի, քանի որ այդ համակարգն արտադրող երկիրն Իսրայելն է:
«Հնդկաստանն ունի արտադրելու լիցենզիա, բայց նման դեպքերի մեծ մասում արտադրողը (նկատի ունի Իսրայելը - խմբ․) կարող է թույլ չտալ վաճառքը։ Ամենայն հավանականությամբ Հնդկաստանը պետք է հարցնի Իսրայելին՝ կարո՞ղ է Հայաստանին «MR-SAM» վաճառել, թե՞ ոչ։ Բնականաբար Իսրայելը չի թույլատրելու»,- «Դետք»-ի հետ զրույցում բացատրեց Ներսիսյանը։
Ըստ փորձագետի՝ բաց աղբյուրներում պայմանավորվածության մանրամասների մասին տեղեկություն չկա՝ պատկերն ավելի հստակ տեսնելու համար․ «Գուցե Հնդկաստանը, օրինակ, շատ գումար վճարած լինի և պայմանավորվածություն ձեռք բերի, որ տեխնոլոգիայի հետ վարվի իր ուզած կերպով՝ վաճառի, որոշի՝ ում վաճառի։ Դա այլ հարց է, և բաց աղբյուրներում այդ տեղեկությունները չկան, որ կարողանանք հստակ որևէ բան ասել»։
Անդրադառնալով «Barak 8» («LR-SAM» կամ «MR-SAM») համակարգին՝ Ներսիսյանն ասաց, որ այն միջինից մեծ հեռավորության հակաօդային պաշտպանության համալիր է՝ բավականին արդյունավետ, մինչև 120-150 կմ պաշտպանում է օդային տարածքը։
«Մեր ունեցած «С-300»-ներից, որ բավականին հին մոդիֆիկացիաներն են, «С-300ПТ1», «С-300ПС» տեսակի «С-300»-ները «MR-SAM»-ից մոտ 2 անգամ ավելի քիչ հեռավորության համար են նախատեսված և բնականաբար շատ ավելի քիչ տեխնոլոգիական են, նրանց էլեկտրոնիկան հնացած է։ Հնարավորության դեպքում «MR-SAM»-ի գնումը տեղին և բավականին հետաքրքիր ուղղություն կլինի»,- նշեց փորձագետը։
Մյուս կողմից՝ Ներսիսյանը խոսեց նաև ֆրանսիական ՀՕՊ համակարգեր գնելու հնարավորության մասին՝ նշելով, որ իր կարծիքով՝ ֆրանսիական ՀՕՊ համակարգերը «MR-SAM»-ին չեն զիջում, և ձեռքբերման գործարքի խնդիրներ էլ չկան՝ ի տարբերություն վերջինիս։
Ավելացնել նոր մեկնաբանություն