20

Բաքուն պատրաստվում է նաև ուժի կիրառմամբ հասնել իր հռչակած նպատակներին․ Աբրահամյան

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ Բաքվի Հանրապետությունը (խմբ.) դեռևս չի պատասխանել Հայաստանի առաջարկին՝ մեկ ամսվա մեջ ամփոփել և ստորագրել «խաղաղության պայմանագիրը»։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նոյեմբերին սպասվող նոր ագրեսիայի մասին նախազգուշացում կա։

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով այս հայտարարություններին, ասել է․ «Հայաստանի իշխանությունը տարբեր փուլերում, ինչպես իրեն անհրաժեշտ է, խաղաղության եզրույթը կիրառում է։ Նույնիսկ այնտեղ, որտեղ ակնհայտորեն որևէ բան չկա խաղաղության մասին, հանրությանը մոլորեցնելու, շանտաժի և սպառնալիքի ենթարկելու պայմաններում, օգտագործելով խաղաղության դրոշակը, գնում են ադրբեջանական զիջումների»։

Աբրահամյանի խոսքով՝ Բաքուն պատրաստ է այդ թվում ուժի կիրառման միջոցով հասնել իր հռչակած նպատակներին, որոնք ենթադրում են նաև ՀՀ տարածքների նկատմամբ վերահսկողություն, Հայաստանի նկատմամբ դիրքային ու ռազմավարական առավելություն, որևէ փուլում նաև շատ ակտիվ փուլ է մտնելու, այսպես կոչված, միջանցքային տրամաբանության իրացումը։

«Հայաստանի իշխանությունները սա տարբեր փուլերում տարբեր ձև են օգտագործելու։ Մի տեղ լինելու է զոհ, փորձելու են դրանից որևէ բան ստանալ իրենց համար։ Մի փուլում զիջումներ անելու համար դիմելու են ժողովրդին, ասելու՝ եթե չգնանք զիջումների, եթե հերթական զիջումը չանենք, պատերազմ ենք ստանալու։ Քաղաքական իմաստով և մեր քաղաքացիների համար էլ ընկալելի չէ մի շաբաթ հայտարարել մեկ բան, հաջորդ շաբաթ՝ լրիվ այլ բան։ Բայց մեր իրականությունն այդպիսին է՝ իշխանությունն անընդհատ խեղաթյուրում է իրական իրադրությունը, մեկ այլ իրավիճակում ըստ նպատակահարմարության դա բերում է առաջին պլան»,- նշել է պատգամավորը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն