նբը

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հաղորդումը

Երևանը հերքում է հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին Բաքվի հերթական հաղորդումը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության շաբաթ օրը տարածած հաղորդագրության համաձայն՝ գնդակոծվել են իրենց դիրքերը «Քելբաջարի շրջանի Մոլլաբայրամլի բնակավայրի ուղղությամբ»: Ըստ նույն աղբյուրի՝ ադրբեջանական ուժերը «համարժեք միջոցներ» են ձեռնարկել:

Վերջին օրերին Բաքվի նմանատիպ հաղորդագրությունները, որպես կանոն, հերքել են թե՛ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, թե՛ սահմանին դիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ առաջարկեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։ Որևէ պատասխանի մասին հաղորդագրություն առայժմ չկա:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն