68

«Սեզար»-ը գրեթե բոլոր հրետանային համակարգերից ավելի ճշգրիտ է խոցում. ԱԺ պատգամավորը մանրամասներ է հայտնում

36 հաուբից 15 ամսում Ֆրանսիայից կհասնի Հայաստան, իշխանություններն այսօր հաստատել են ֆրանսիական «Ֆիգարո»-ի տեղեկությունները։

«Իհարկե, «Ֆիգարո»-ն հիմնվել է Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության տված տեղեկատվության հիման վրա։ Իհարկե, մենք դա չենք հերքի», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Հունիսի 18-ին հաղորդվեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։

«Այն համարվում է աշխարհի լավագույն հրետանային միջոցը, և Ֆրանսիայի բանակում հենց այդպիսի հրետանային միջոցներ են։ Նրանք նաև իրենց արդյունավետությունն ապացուցել են տարբեր մարտական իրավիճակներում աշխարհի շատ ու շատ վայրերում։ Այդ հրետանային միջոցը Ֆրանսիան շատ քիչ երկրների է վաճառել, Հայաստանի Հանրապետությունը, եթե չեմ սխալվում, տասներորդ գնորդն է այդ համակարգերի։ Այն բավականին առաջադեմ համակարգ է և, իհարկե, մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի՝ պաշտպանական մեր խնդիրները լուծելու համար այդպիսի համակարգեր ունենալ», - ասաց նա։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը շեշտեց՝ դրանք մինչև 50 կիլոմետր խոցելիության հնարավորություն ունեն, առնվազն 40-41 կմ։ Իր տեխնիկական տվյալներով «Սեզար»-ը բավարարում է հայկական կողմի բոլոր պահանջներին, ասաց նա։

«Նա շատ մոբիլ է, ժամանակի միավոր հատվածում կարողանում է կրակել որոշակի առավելագույն չափով արկեր, որ տարբերվում է մյուս հրետանային միջոցներից, ճշգրիտ կրակոցներ իրականացնում է, այսինքն՝ գրեթե բոլոր հրետանային համակարգերից ավելի ճշգրիտ խոցումներ է իրականացնում, իր տեխնիկական բոլոր պարամետրերով, այսօր կարելի է համարել, որ այն հանդիսանում է աշխարհի լավագույն հրետանային միջոցներից մեկը»։

Հարցին, թե քանի որ «Սեզար» հրետանային համակարգերը ՆԱՏՕ-ի չափանիշներին ամբողջությամբ համապատասխան զինատեսակներ են, արդյո՞ք իրենց մատակարարման, գործարկման հետ կապված Հայաստանը խնդիրներ չի՞ ունենա, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. - «Իհարկե, ցանկացած զենք եթե ձեռք է բերվում, քննարկվում են նաև այդ ձեռքի տեխնիկական սպասարկման խնդիրները, որովհետև հասկանալի պատճառներով, եթե ձեռք ենք բերում նորագույն զինատեսակ, ուրեմն նախկինում մեր զինանոցում չի եղել, և ընդհանրապես խորհրդային այդ երկրներում այդպիսի զինատեսակներ չեն եղել, դրանք նոր են ամբողջությամբ, նաև սպասարկման խնդիր է առաջանում։ Այն զինատեսակները, որոնք մենք ձեռք ենք բերում, իհարկե, քննարկվում է նաև սպասարկման խնդիրը, և պայմանավորվածություններ են ձեռք բերվում արտադրողի կամ այլ կազմակերպության կողմից դրանք սպասարկելու, բայց կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի մի շարք զինատեսակների սպասարկումը հենց իրականացնեն հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները»։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ այսօր գրեթե ցանկացած զենք հայկական ռազմարդյունաբերական համալիրը կարող է սպասարկել։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն