
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԽ քարտուղար
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այո՛, մեր ուղարկած 9-րդ տարբերակին արձագանք եղել է, նրանք ուղարկել են 10-րդ տարբերակը։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց նա։
Հարցին՝ թե կարելի՞ է ասել, որ կողմերը ավելի են մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը, Գրիգորյանը պատասխանեց, որ բանակցություններում հայտնի մոտեցում կա՝ մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ՝ դեռ ոչինչ համաձայնեցված չէ։
«Կդժվարանամ այս հարցին պատասխանել, որովհետև գործընթացը դինամիկ է, և երբեմն ունենում ենք առաջընթացներ, երբեմն չենք ունենում։ Կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս արագացնենք գործընթացը։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել այդ պայմանագիրը, վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսում ստորագրել»,- եզրափակեց Գրիգորյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն