
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի ֆորումի շրջանականերում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Այս համատեքստում ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդման, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Ընդգծվել է ուժի կիրառման միջոցով խնդիրների կարգավորման գործելակերպի համընդհանուր բացասական հետևանքները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգման անհրաժեշտությունը:
Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգռված գործընկերների արժեքահեն մոտեցումների նշանակությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն