Օրակարգում չկա նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչը նույնպես փորձում են վերագրել Մոսկվային․ Կոպիրկին․ «Sputnik Արմենիա»
Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 1-ին հրաման է արձակել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին: Թե ինչպես է ընթանում գործընթացը և ինչ խնդիրներ պետք է լուծեն ռուս դիվանագետները, Sputnik Արմենիային պատմել է Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
- Սերգեյ Պավլովիչ, սկզբի համար պարզաբանենք՝ ինչով է պայմանավորված Հայաստանի հարավում դիվանագիտական հաստատություն բացելու նախաձեռնությունը։
- Հայկական կողմը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակում, ի սկզբանե ողջունել է Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու մտադրությունը՝ այն բնութագրելով որպես վաղուց հասունացած և պահանջված։ Այս պահին մենք միասնական ջանքերով զգալի առաջընթաց ենք գրանցել այն բացելու հարցում։ Առաջ անցնելով՝ կցանկանայի նշել, որ հայկական կողմի ցանկություններին համապատասխան՝ Ռուսաստանի կառավարության որոշմամբ նախատեսվում է պարզեցված սխեմայով գլխավոր հյուպատոսության բացում ՝ առանց մեր պրակտիկայում ընդունված համաձայնագրի կնքման, որն արվում է նոտաների փոխանակման միջոցով։
Մենք այժմ հետագա քայլեր ենք ակնկալում նաև հայ գործընկերներից՝ հաշվի առնելով դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության և փոխադարձության սկզբունքը։ Ինչպես հայտնի է, Հայաստանում մենք ունենք մեկ գլխավոր հյուպատոսություն՝ Գյումրիում, այն դեպքում, երբ մեր գործընկերները հյուպատոսական ներկայացուցչություններ ունեն Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում՝ չհաշված երկու գրասենյակները Նովոսիբիրսկում և Վլադիկավկազում, ինչպես նաև վեց պատվավոր հյուպատոսները Վոլգոգրադում, Կալինինգրադում, Պերեսլավ-Զալեսկում, Նիժնի Նովգորոդում, Տյումենում, Եկատերինբուրգում։
Ռուսաստանը տրամադրված է ակտիվորեն ընդլայնել դիվանագիտական ներկայությունը բարեկամ երկրներում և բացել նոր դիվանագիտական և հյուպատոսական առաքելություններ այն պետություններում, որոնք տեղակայված են Ռուսաստանի համար առանցքային տարածաշրջաններում (արտաքին քաղաքականության նոր հայեցակարգին համապատասխան): Նման պետությունների թվում է, իհարկե, նաև Հայաստանը։
․․․
- Սյունիքի նկատմամբ վերջին շրջանում անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում արևմտյան քաղաքական գործիչներն ու դիվանագետները։ Ամերիկացի պաշտոնյաների գրեթե յուրաքանչյուր այց ենթադրում է ուղևորություն Հայաստանի հարավային շրջաններ։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է տարբերությունը ռուսական մոտեցման և արևմտյան «գործընկերների» աշխատանքի մեթոդների միջև:
- Ի դեպ, ինչ էլ որ ասեն չարակամները, ռուս դիվանագետները հաստատ չեն պատրաստվում «լրտեսել» Սյունիքում՝ ի տարբերություն տարածաշրջանում հեռադիտակներով շրջելու արևմտյան սիրահարների։ Օրակարգում չկա նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչը նույնպես փորձում են վերագրել Մոսկվային։ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով, ինչպես հայտնի է, զբաղվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելացնել նոր մեկնաբանություն