Ո՞ւմ է ծառայում Զինված ուժերում այլ երկրի խորհրդատուների «ինստիտուտը»
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Երբ օրինակ ասում ես, որ Հայաստանի զինված ուժերում ԱՄՆ պետքարտուղարության վարձատրությամբ ԱՄՆ քաղաքացիական խորհրդատուի ներկայությունը պետք է ԱՄՆ-ին, ոչ թե Հայաստանին, «միջին վիճակագրական ուղեղը» դա ընկալում է հակաամերիկանություն եւ ռուսամետություն կամ ռուսական գործակալություն:
Մինչդեռ, ցանկացած զինուժում ցանկացած այլ երկրի խորհրդատուի կամ խորհրդատուների «ինստիտուտը» ըստ էության ծառայում է գերազանցապես տվյալ երկրին: Սա պարզ տրամաբանություն է: Խորհրդատուների «ինստիտուտը» իրական քաղաքականության ռեժիմում ընդամենը քաղաքական ազդեցության գործիքներից մեկն է:
Այլ հարց է, եթե որեւէ մեկն ասի օրինակ՝ լավ է, թող Հայաստանի զինուժում լինի ամերիկյան քաղաքական ազդեցություն: Այսինքն, օրինակ ռուսական ազդեցությունն իմ համար անընդունելի է, իսկ ամերիկյանը՝ ընդունելի, ես այդպես էլ գնահատում ու կարծում:
Երբ լսենք այդպիսի կարծիք, ապա դա կլինի հասկանալի: Մեկի համար կլինի ընդունելի, մյուսի համար՝ անընդունելի, բայց կլինի միանգամայն հասկանալի, որովհետեւ կարտահայտի իրերի դրությունը:
Իմ կարծիքն այն է, որ հայկական զինուժը պետք է առավելագույնս զերծ պահել այլ քաղաքական ազդեցություններից, դրանք կլինեն ռուսական, ամերիկյան, ֆրանսիական, հնդկական, թե իրանական: Քաղաքական հարցերն իր վրա պետք է վերցնի քաղաքական իշխանությունը եւ դրանով «հեռու պահի» զինուժը, որի արդիականացման հարցում այլ երկրների փորձը, գիտելիքը, մեթոդաբանությունը կիրառելու բազմաթիվ այլ մեխանիզմներ կան՝ ներկա խորհրդատուի ինստիտուցից բացի:
Միաժամանակ, իհարկե բոլորին էլ հետաքրքրում է քաղաքական ազդեցությունը, իսկ Հայաստանի բանակի արդիականացման արդյունքը՝ այնքանով, որքանով: Միաժամանակ, իհարկե հնարավոր չէ տարբեր ուժային կենտրոններից քաղել մեզ պետք եղածը, առանց իհարկե իրենց պետք եղածի հարցում ճկուն գործակցությունից: Բայց, հենց այդ գործակցության բնույթը, տրամաբանությունը, ինստիտուցիոնալ կառուցվածքն է բնորոշում պետության ինքնիշխան քաղաքականության աստիճանը»:
Ավելացնել նոր մեկնաբանություն