Հնդկական «HALCON»-ն սկսել է օդով ռազմավարական բեռնափոխադրումներ կատարել դեպի Հայաստան․ «Հետք»
Հնդկական «Indian Aerospace Defence News»-ը (IADN) երեկ հայտնեց, որ Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան՝ ռազմավարական նշանակության արտահանումներ իրականացնելու համար:
Ըստ այդմ՝ լոգիստիկ կապն ապահովելու է հնդկական երկու խոշոր ձեռնարկությունների՝ «HAL»-ի եւ «CONCOR»-ի կողմից ստեղծված «HALCON» համատեղ աշխատանքային խումբը: «IADN»-ն նշել է, որ այս նոր իրողությունը կուժեղացնի Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ առկա լոգիստիկ կապերը:
Վերջին տարիներին Հնդկաստանն, ըստ էության, դարձել է Հայաստանի խոշորագույն ռազմական մատակարարը: Հայաստանը մեծ գումարներ է ծախսում՝ հնդկական արտադրության ամենատարբեր զինատեսակներ ձեռք բերելու համար եւ արդեն դարձել է Հնդկաստանի ռազմարդյունաբերության խոշոր սպառող, ինչը չի կարող չգրավել հնդկական այս շուկայի խաղացողներին:
«HAL»-ը (Hindustan Aeronautics Limited) Հնդկաստանի պետական մասնակցությամբ ձեռնարկություն է, որը մասնագիտացած է ավիաշինական եւ պաշտպանական արդյունաբերության մեջ: Ընկերության պատմությունը սկսվում է 1940 թվականից: Կենտրոնակայանը գտնվում է Բանգալոր քաղաքում:
«CONCOR»-ը (Container Corporation of India Limited) եւս պետական մասնակցությամբ ընկերություն է, որն իր հերթին մասնագիտացած է կոնտեյներային փոխադրումների մեջ: Հիմնադրվել է 1988-ին, կենտրոնակայանը Նյու Դելիում է:
«HALCON» աշխատանքային խումբը գոյություն ունի 10 տարուց ավելի, սակայն «India Defence»-ը երեկ հայտնել է, որ այն զգալի առաջընթաց է գրանցել՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստան տեղափոխելով ռազմավարական նշանակության բեռ: Թե կոնկրետ ինչ բեռի մասին է խոսքը, չի նշվում:
Դեպի Հայաստան բեռնափոխադրումների առաջին չվերթը, որը կայացել է «HAL»-ի «ՄիԳ» ինքնաթիռների կոմպլեքսի ղեկավար Սակետ Չատուվերդիի ներկայությամբ, ըստ «India Defence»-ի, ազդարարում է Հնդկաստանի լոգիստիկ կարողությունների եւ ռազմավարական արտահանման հավակնությունների նոր դարաշրջանի մասին:
Չնայած կոնկրետացում չկա, թե երբ է տեղի ունեցել չվերթը, հնդկական կայքում առկա լուսանկարը հուշում է, որ բեռնափոխադրումն իրականացրել է ռուսական «Gelix Airlines»-ի «Իլ-76ՏԴ» բեռնատար ինքնաթիռը:
«Հետքը» կարողացել է պարզել, որ խոսքը RA-76360 գրանցումով բորտի մասին է, որը մարտի 4-ին հնդկական Նաշիկ քաղաքի օդանավակայանից թռել է Երեւանի «Զվարթնոց»: Հաջորդ օրը օդանավը վերադարձել է Նաշիկ: Մարտի 6-ին նույն ինքնաթիռը Նաշիկից կրկին ժամանել է Երեւան, իսկ ամսի 7-ին ուղղություն վերցրել դեպի Մոսկվա:
Նաշիկի օդանավակայանը պատահական վայր չէ: Այն կառուցվել է «HAL»-ի կողմից 1964-ին, երբ «HAL»-ի օդանավերի ստորաբաժանումն այստեղ խորհրդային «ՄիԳ-21» կործանիչների լիցենզավորված արտադրություն է սկսել: Նաշիկում են արտադրվել/արտադրվում նաեւ «ՄիԳ-27» գրոհային եւ «Սու-30» կործանիչ ինքնաթիռների հնդկական մոդիֆիկացիաները:
Օդանավակայանը ներկայում ծառայում է թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական ավիացիային: Այսպես՝ «HAL»-ը Նաշիկում մշակում, թեստավորում եւ արտադրում է օդանավեր Հնդկաստանի զինված ուժերի համար: Օդանավակայանը նաեւ տեխսպասարկման կայան է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի օդանավերի համար, ինչպես նաեւ այստեղից կատարվում են առեւտրային բեռնափոխադրումներ, որոնց մեկնարկի մասին «HAL»-ը հայտարարել էր 2011 թ.: Այս բեռնափոխադրումների պատասխանատուն հենց «HALCON»-ն է: Նշվածներից բացի՝ «IndiGo» ավիաընկերության կողմից իրականացվում են ուղեւորատար չվերթեր դեպի Հնդկաստանի տարբեր քաղաքներ:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն