վքա

Ադրբեջանը մոտ 15 կմ խորանալու է՝ կտրուկ մոտենալով Լոռու մարզին. Սեյրան Օհանյան. «Ազատություն»

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ահազանգում է՝ եթե վարչապետ Փաշինյանն Ադրբեջանին հանձնի այն տարածքները, որոնց մասին խոսում է, ապա Ադրբեջանը շուրջ 15 կիլոմետր խորանալու է այդ տարածքում՝ անվտանգային լուրջ խնդիրներ առաջացնելով Հայաստանի համար, գրում է «Ազատությունը»: 

«Պաշտպանության առումով այնտեղ խորը կոր է ստեղծվում, եթե Հայաստանի Հանրապետության քարտեզին նայենք, կտեսնենք, որ մեր սահմանները կտրտվածություններ ունեն, անկլավի հետ միասին, այդ հատվածում գրեթե մոտ 15 կմ խորություն է ստեղծվում և կտրուկ մոտենում է Լոռու մարզի սահմաններին», - նշեց նա։

Սեյրան Օհանյանն ընդգծում է՝ այդ տարածքների հանձնումը ռազմավարական լուրջ խնդիրների է հանգեցնելու, քանի որ ադրբեջանական զինուժը կանգնելու է այն ճանապարհին, որը միացնում է Հայաստանը՝ Վրաստանին։

«Միացնում է այն բարենպաստ ուղղությունը, որը Հայաստանի համար անչափ կարևոր է՝ ելք դեպի Վրաստան, Ռուսաստան, և ներքև՝ ելք դեպի Իրան։ Այսինքն նաև խոչընդոտներ են առաջանալու Իրանից Հայաստան, Վրաստան, Ռուսաստան ճանապարհին», - ասաց պաշտպանության նախկին նախարարը:

«Ազատություն». - Եթե այդ տարածքները հանձնվում են, ապա կորցնում ենք ռազմավարական նշանակության բարձունքնե՞ր:

Օհանյան. - Իհարկե կորցնում ենք ռազմավարական նշանակության տարբեր կետեր, կլինի բարձունք, ճանապարհ, որը ապահվում է մեր երկրի կենսագործունեությունը՝ մանավանդ այդ ուղղությամբ նախատեսված բոլոր հաղորդակցությունները, ճանապարհները:

«Ազատություն». - Այսինքն, հնարավորություն չի լինի՞ Հայաստան - Վրաստան ճանապարհի վերահսկողություն իրականացնել այլ կետերից:

Օհանյան. - Ցանկացած դեպքում հնարավորություն կարելի է գտնել, բայց այդ կետը, որի մասին խոսվում է, բավականին դժվար է լինելու շրջանցող ճանապարհ կառուցելը, որովհետև այդ կետի հետևում անկլավներն են, անկլավների մեջով էլ չեն թողնելու ճանապարհ կառուցվի, դա նշանակում է, որ բավականին լուրջ խնդիր է առաջանալու հենց այդ հատվածում ճանապարհային հաղորդակցության:

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծում է՝ Տավուշի մարզի սահմանային հատվածն այսօր Հայաստանի ամենապաշտպանված կետերից մեկն է և տարածքների հանձնումից հետո, պաշտպանական ենթակառուցվածքների տեղափոխումը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։

«Եվ եթե պաշտպանության տեղափոխություն է իրականացվում, ապա նոր հատվածում պետք է ինժեներական սարքավորումներ, կառույցներ կառուցվեն, ամրապնդեն այնտեղ պաշտպանությունը: Եվ յուրաքանչյուր նոր պաշտպանություն նաև այնքան է խոցելի, որ կարող են այդ ուղղությամբ նաև հարձակումներ իրականացնել, որովհետև այդ ուղղությունը նաև վերաբերում է անկլավներին», - ընդգծեց Սեյրան Օհանյանը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն