Եթե Հայաստանը չտրվի Բաքվի ուժային շանտաժին, Եվրամիությունը ստիպված է լինելու կատարել Բաքվին զսպող դերը. վերլուծաբան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Ասելով, որ, եթե չտանք, կլինի պատերազմ կամ ռազմական սահմանային ագրեսիա, պաշտոնական Երեւանը դե ֆակտո մերկացնում է Եվրամիության դիտորդական առաքելությանը:
Փաստացի ստացվում է, որ այդ առաքելությունը «արդյունավետ» է՝ եթե Հայաստանը կատարում է Ադրբեջանի «իմպերատիվ» պահանջը, ըստ էության՝ ռազմական շանտաժը: Եթե Հայաստանը չի տրվում շանտաժին, ապա ԵՄ առաքելությունը ոչինչ է՝ Ադրբեջանը կհարձակվի:
Կրկնեմ մի քանի անգամ ասածս՝ Ադրբեջանը չունի հարձակման որեւէ լեգիտիմ հիմք: Միջազգային իրավունքի որեւէ կետ նրան չի տալիս այդ հնարավորությունը, առնվազն այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ինքն է օկուպացրել Հայաստանի տարածքներ: Հետեւաբար, նվազագույնը՝ պետք է լինի տարածքների փոխանակման խոսակցություն, այլ ոչ թե իմպերատիվ պահանջ:
Ադրբեջանի «լեգիտիմ իրավունք» կոչվածը միայն ու միայն ուժն է, ուժերի բալանսը: Բայց, հենց դրա համար է պետք որեւէ երրորդ մեխանիզմ, առաքելություն: Հենց դրա համար է պետք, որ այն, ինչ չի անում Ռուսաստանը, անի օրինակ ԵՄ-ն իիր առաքելությամբ՝ թույլ չտա, որ Ադրբեջանը ուժն օգտագործի շանտաժի համար: Այլապես, էլ ինչի՞ համար են Հայաստանում, եթե պետք է աշխատի Բաքվի ուժային շանտաժը:
Բայց, Երեւանը հայտարարում է, որ, եթե չտանք, կլինի պատերազմ, իսկ իրենք մերը կտան, թե ոչ՝ «Աստված գիտե»: Դա «թարգմանաբար» նշանակում է, որ ավելի ռացիոնալ է Բաքվին զսպելու հարցում հույսը Բարձրյալի, քան ԵՄ դիտորդների վրա դնելը:
Դրա համար է Տոյվո Կլաարը պարբերաբար գալիս Հայաստան, որովհետեւ, եթե Հայաստանը հարցերը դնի հենց միջազգային իրավունքի տրամաբանությամբ, այլ ոչ թե Բաքվի ուժային շանտաժի, Եվրամիությունը ստիպված է լինելու կատարել Բաքվին զսպող դերը, կամ դիտորդական առաքելությամբ հանդերձ իր դերով «պայթել» փուչիկի նման»:
Ավելացնել նոր մեկնաբանություն