
Մայիսի 28. Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը
Ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո 1918 թ. մայիսի 28-ին ի դեմս Հայաստանի առաջին հանրապետության վերընձյուղվեց հայկական պետականությունը: Պատմական ի՞նչ գործոնների արդյունք էր դա. 1918 թ. առաջին ամիսներին Անդրկովկասում ստեղծված դաժան իրականության մեջ քաղաքական այլընտրանքի բացակայությա՞ն, թե՞ դարավոր թշնամու հետ մահացու գոտեմարտի բռնված հայության վերջին բեկորների հերոսական մաքառման:
Հայոց նորագույն պետականությունը իր ծնունդով պարտական էր 1918 թ. Մայիսյան հերոսամարտերին: Անդրկովկասի ժողովուրդներից հայությունը միակն էր, որ իր անկախությունը ստանում էր ոչ թե ի հաշիվ գերմանական հովանավորության կամ թուրքական նվիրատվության, ինչպես տեղի ունեցավ Վրաստանի և Ադրբեջանի պարագայում, այլ շնորհիվ ռազմի դաշտում թափած արյան: Ոչ թե Բաթումում ընթացող բանակցությունները, այլ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում որոտացող թնդանոթներն ու զենքերի շաչյունն էին ծնունդ տալիս Հայաստանի առաջին հանրապետությանը, իրենց հայրենիքի վերջին մասնիկը կռվի դաշտում պաշտպանող հայորդիների արյունով էին շաղախված նորաստեղծ պետության հիմնաքարերը։
1918 թ. մայիսի 21-ին թուրքական զորքերը գրավեցին Սարդարապատ գյուղը և կայարանը: Ա. Մանուկյանի կոչով բազմաթիվ կամավոր-աշխարհազորայիններ շտապեցին Սարդարապատ:1918 թ. մայիսի 22-ին հայկական զորքերն անցան հակահարձակման: Թեժ մարտերից հետո գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ գործող զորքը վերագրավեց Սարդարապատը: Չդիմանալով հայկական ուժերի գրոհներին՝ թուրքական զորքերը պարտվեցին և հետ քաշվեցին Ալեքսանդրապոլի ուղղությամբ:
Թուրքական հրամանատարությունն իր 9-րդ դիվիզիան շարժեց Բաշ Ապարանի ուղղությամբ, որպեսզի Սարդարապատում կռվող հայկական զորամասերին հարվածի թիկունքից: Հայկական ուժերի հրամանատարությունը, ճիշտ որոշելով թուրքական հարվածի ուղղությունը, Բաշ Ապարան ուղարկեց վեց հազարանոց մի զորամաս Դրոյի հրամանատարությամբ: Մայիսի 24-ին հայկական զորամասը ծանր մարտերից հետո կանգնեցրեց թուրքերի առաջխաղացումը:Կռիվների ընթացքում թուրքական զորքերը ջախջախվեցին և հետ շպրտվեցին Բաշ Ապարանից:
Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը, և մեր ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը:
Ավելացնել նոր մեկնաբանություն