Թուրքիան է 1993-ին փակել սահմանը, նա էլ պետք է բացի. Հայաստանը պետք է ավելի զուսպ լինի իր հայտարարություններում. Չաքրյան
«Դետք»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
- ՀՀ արտգործնախարարը Թբիլիսիում կրկին հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը։ Իշխանության ներկայացուցիչների կողմից նման հայտարարություններ վերջին շրջանում լսում ենք գրեթե ամեն օր: Ըստ Ձեզ` իրականում կա՞ գործընթաց պետությունների միջև, թե՞ սա գործընթացի իմիտացիա է, և ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները` նկատի ունենալով այն, որ սահմանը փակել է ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան։
- Գործընթացի մասին տեղեկություն չունեմ, բայց եթե անգամ լինի էլ նման գործընթաց, բոլորովին պարտադիր չէ, որ Հայաստանն առաջ ընկնի և նման հայտարարություններ անի: Ի վերջո, Թուրքիան 1991 թվականին երրորդ երկրի պատճառաբանությամբ, այսինքն` Բաքվի Հանրապետության (խմբ.), հրաժարվել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, իսկ 1993-ի մարտին սահմանները փակել է: Մինչ այդ սահմանը բաց էր, որովհետև Թուրքիան հույս ուներ, որ Բաքուն (խմբ.) կհաղթի Արցախյան առաջին պատերազմում, իսկ 93-ին շրջադարձ կատարվեց ռազմաճակատում, և Թուրքիան էլ փակեց սահմանը: Այսինքն` իրենք են փակել, և իրենք պետք է բացեն: Հետևաբար, Հայաստանը պետք է ավելի զուսպ լինի իր հայտարարություններում, որպեսզի թույլ չտա դիվանագիտական սխալներ:
- Ներկա պահին տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակն արդյո՞ք այնպիսին է, որ Թուրքիան շահագրգիռ լինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ:
- Ըստ երևույթին, այս հարցում Միացյալ Նահանգների և Եվրամիության քաղաքական ներգրավվածությունն է մեծ, նրանք են Թուրքիային մի քիչ կարգի հրավիրել: Տեսնում ենք, որ թուրքական իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում ագրեսիվ հայտարարություններ չեն անում, Էրդողանն էլ է բավական մեղմ իր հայտարարություններում, այսինքն` Թուրքիան Հայաստանի հանդեպ սկսել է մեղմ քաղաքականություն վարել: Թշնամանքից գուցե չի հրաժարվել, բայց, համենայնդեպս, թշնամական հայտարարություններով հանդես չի գալիս։
- Թուրքիան տարիներ շարունակ հանդես է եկել նախապայմաններով, որոնք այսօր հիմնականում կատարված են: Կարելի՞ է ասել, որ ներկայումս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Անկարան դիտարկում է միայն Բաքվի պահանջների «փաթեթում»:
- Թուրքիայի նախապայմանները տարիներ շարունակ սրանք էին` չհիշատակել 1915 թվականի մասին, արցախահայությանը ստիպել ընդունել Բաքվի Հանրապետության (խմբ.) գերիշխանությունը և զսպել սփյուռքահայերին, որ հակաթուրքական գործունեություն չծավալեն, այսինքն` չպայքարեն Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Վերջին հարցում Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչումը շատ էական էր, ընդ որում` իրենց ընդունած բանաձևն էր ամենահագեցածը: Դրանում պահանջվում էր Վաշինգտոնի վարչակարգից ամեն կերպ նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը և պայքարել Ցեղասպանության ժխտողականության դեմ:
Վերջին տարիներին Էրդողանն անընդհատ խոսում էր այն մասին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար պետք է, որ ՀՀ-ն կատարի Բաքվի պահանջները: Բայց վերջին շրջանում Էրդողանը դադարել է այդ մասին խոսելուց: Ըստ էության, Իլհամին ոչ այնքան Էրդողանն է կառավարում, որքան Պուտինը, այսինքն` նա ավելի շատ Պուտինին է լսում: Կամ, ասենք, տեսնում ենք, որ որքան Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները լարվում են, այնքան Բաքվի հետ Իսրայելի հարաբերությունները սերտանում են, այսինքն` այնպես չէ, որ Իլհամը միանշանակորեն լսում է Էրդողանին:
Բացի դրանից` այսօր տեսնում ենք, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունն են փորձում առանցքային դեր ունենալ հայ-թուրքական հարաբերություններում, ոչ թե Ռուսաստանը: Վերջինիս, իհարկե անհրաժեշտ է, որ այդ կոնֆլիկտը երկար ձգվի, որպեսզի ինքը մնա տարածաշրջանում: Եթե, ասենք, Երևան-Բաքու պայմանագիրը ստորագրվի, ՌԴ-ն պատճառ չի ունենա մնալու Հարավային Կովկասում: Արևմուտքի շահագրգռվածությունն էլ դա է այս գործընթացում:
Ավելացնել նոր մեկնաբանություն