սասաց

Երբ է ծագել ադրբեջանա-արցախյան հակամարտությունը, և որն է դրա կարգավորման ուղին. Ստեփան Հասան-Ջալալյանն ընթերցողին ներկայացրեց իր աշխատությունը

Արցախի Հանրապետության հռչակման 33-րդ ամյակի առթիվ քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն ընթերցողի դատին հանձնեց «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» երկրորդ գիրքը:

Գիրքը հիմնված է գաղտնազերծված, նորահայտ փաստաթղթերի, ինչպես նաև պատմաքաղաքագիտական գրականության վրա: Առաջին անգամ ամբողջական ձևով գրքում ներկայացված են հակամարտության ծագումն ու դրա կարգավորման հնարավոր ուղիները:

«Դետք»-ի թղթակցի հետ զրույցում հեղինակը նշեց, որ գրքի հրատարակումը կոմերցիոն նպատակ չի հետապնդում:

«Իմ նպատակն է Բաքվի հետ քարոզչական պատերազմում գոնե որոշակի հակահարված տալ նրանց կեղծ պատմագրությանը, սուտ թեզերին: 

Գիրքը, ցավոք սրտի, հրատարակվել է սահմանափակ քանակով, որովհետև բավարար ֆինանսական միջոցներ չեն եղել: Գրքի տպագրությանն օժանդակել են իմ ընկերները: Այն հրատարակվել է 4 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն»,- ասաց մեր զրուցակիցը:  

Ստեփան Հասան-Ջալալյանի խոսքով` ադրբեջանա-արցախյան հակամարտությունը ծագել է 1918 թվականի մայիսի 28-ին, երբ Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծվել է Ադրբեջան անունով կեղծ կազմավորումը` Օսմանյան Թուրքիայի իշխանության ծրագրմամբ և նրանց անմիջական նախաձեռնությամբ:

«Այդ արհեստական կեղծ կազմակերպությունը ստեղծման պահից սկսած ապօրինի հավակնություններ է ներկայացրել Արցախի նկատմամբ` պնդելով, որ Արցախը Ադրբեջանի մաս է, և Արցախի հայությունը պետք է ճանաչի Ադրբեջանի իշխանությունը: Գրքում ներկայացրել եմ, որ հակամարտության ծագումը այստեղից է սկսում: Ինչո՞ւ եմ ուշադրություն դարձրել ծագման հարցին, որովհետև ուսումնասիրելով ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունները վերջին երեք տասնամյակում և դրա շուրջ միջազգային տարբեր կառուցների հրապարակած փաստաթղթերը` այսպիսի միտում եմ նկատել, որ հակամարտության ծագման սկիզբ է ընդունվում 1988 թվականը, ինչը ես համարում եմ սխալ, որովհետև համակարտությունը ծագել է շատ ավելի վաղ` 1918-ին, իսկ 1988 թվականը համակարտության ակտիվացման կամ սրացման հերթական փուլերից մեկն է եղել»,- ընդգծեց քաղաքագետը: 

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման ուղիներին, Ստեփան Հասան-Ջալալյանը վստահություն հայտնեց, որ դա հնարավոր է միայն ուժային ճանապարհով:  

«Եթե ուղիղ ասեմ, Ադրբեջանի համար որևէ փաստաթուղթ, ընդհուպ միջազգային ամենաբարձր ատյանի ընդունած փաստաթուղթը, օրինակ` ՄԱԿ-ի միջազգային դատարանի ընդունած 4 փաստաթղթերը, նշանակություն չունի: Դրանցից որևէ մեկն Ադրբեջանը չի կատարել: Հետևաբար ես հակամարտության կարգավորումը պատկերացնում եմ ուժային ճանապարհով: Ադրբեջանին պետք է ստրատեգիական ջախջախիչ պարտության մատնել` ստիպելով, որ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Այս պարագայում միայն հակամարտությունը կարելի է համարել գոնե տեսանելի ապագայում լուծված: Եվ երկրորդ` այդ պարագայում նաև Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը չի արել նախկինում, ընդ որում` անիրավացիորեն և սխալ քաղաքական հաշվարկների հետևանքով:  

Հաշվի առնելով 1918 թվականին Ադրբեջան անունով պետության ի հայտ գալը և դրա փոխհարաբերություններն Արցախի ու Հայաստանի Հանրապետության հետ` ես հայտարարում և պնդում եմ, որ լուծումը միայն հնարավոր է ռազմական` ուժային ճանապարհով: Ադրբեջանի համար, կրկնում եմ, որևէ փաստաթուղթ, նույնիսկ իր ստորագրությունը կրող փաստաթուղթը նշանակություն և արժեք չի ունենալու: Բազմիցս է Բաքուն խախտել իր ստորագրությամբ փաստաթղթերը»,- ասաց մեր զրուցակիցը: 

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Բաքուն փորձում է ցույց տալ, թե 44-օրյա պատերազմով լուծել է հակամարտությունը, Հայաստանը չի առարկում, իսկ միջազգային հանրությունն էլ կարծես համակարծիք է, Ստեփան Հասան-Ջալալյանը նկատեց. «Միջազգային հանրությունը այն կարծիքին չէ, որ հակամարտությունը լուծված է: Եվրոպական խորհրդարանը 2022 թվականին և ԵԽԽՎ-ն 2023 թվականին ընդունել են բանաձևեր, որ հակամարտությունը կարգավորված չէ, և որ հակամարտության կարգավորմամբ պետք է շարունակի զբաղվել Մինսկի խումբը: Իսկ ինչ վերաբերում է հայկական վարչակարգի դիրքորոշմանը, ապա պետք չէ Հայաստանի ներկայիս գործող վարչակազմի հետ հույսեր կապել, որ նա կարող է ադրբեջանա-արցախյան հակամարտությամբ զբաղվել: Դրանք սին հույսեր են, քանի որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարել է, որ ինքն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, սա փաստ է: Նիկոլ Փաշինյանն այդ դիրքորոշմանն է եղել առնվազն 1999 թվականից սկսած: Ես ունեմ իմ ձեռքի տակ փաստ, որ այդ ժամանակից սկսած` նա համարել է Արցախը Ադրբեջանի տարածք: Հետևաբար, սին են հույսերը, թե նա կարող է կամ ցանկություն ունի զբաղվելու հակամարտության կարգավորմամբ»։


 
 

Ավելացնել նոր մեկնաբանություն