Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է համարում
«ՌԴ-ն Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ֆոն, որը հեռու է Անդրկովկասում կարգավորման շահերից և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է»,- ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկի հետ կապված մեկնաբանությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում, և մենք այդ փորձերում տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից հեռու։ Ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Բաքվի կողմից այս նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- նշել է Զախարովան։
«Տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը միանգամայն միանշանակ չէ»,- ավելացրել է նա։
«Բրյուսելը դժվար թե կարողանա պարծենալ այս ոլորտում հաջողությամբ: Օրինակ վերցրեք միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը սերբական Կոսովոյի նահանգում»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ դա պետք է հաշվի առնել Հայաստանում Եվրամիության նոր առաքելություն տեղակայելու որոշումը գնահատելիս։
Ավելացնել նոր մեկնաբանություն