789

Երբ տեղեկատվական պատերազմում պայքար չես մղում, պատերազմը տեղափոխվում է իրական դաշտ. «Ազգային Ցանց» մեդիաբանակը հայտարարում է նոր արշավի մասին 

«Ազգային Ցանց» մեդիաբանակը օրերս հայտարարեց #freearmenianhostages տեղեկատվական արշավի մասին: Այս արշավի նպատակն է հասնել Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակմանը նախքան այնտեղ կայանալիք «COP29» միջազգային բնապահպանական գագաթնաժողովը:

Կազմակերպված մեդիաարշավի, հակառակորդի դեմ մեդիապատերազմի և այս ոլորտում նախաձեռնող դառնալու կարևորության մասին «Դետք»-ի թղթակիցը զրուցել է «Ազգային Ցանց» մեդիամշակութային հիմնադրամի համահիմնադիր Գայա Մանուկյանի հետ: 

- Մեր զրույցի սկզբում կխնդրեի պատմեք «Ազգային Ցանց»-ի ստեղծման, նպատակների և գործունեության մասին: 

- «Ազգային Ցանց» մեդիամշակութային հիմնադրամը նախաձեռնել է համահայկական ազգային մեդիաալիք ստեղծելու ծրագիրը, որը սպասարկելու է հայկական օրակարգը: Դրա մասնակից կարող են դառնալ բոլորը: Այդ մեդիաալիքը պետք է ծառայի հայկական պետականության, քաղաքակրության, ազգային շահերի սպասրակմանը:

«Ազգային Ցանց»-ը մոբիլիզացնում է հայ ակտիվիստներին տեղեկատվական դաշտում պայքար մղելու գաղափարի շուրջը: Դրա համար ստեղծվել է հատուկ հարթակ, որտեղ կենտրոնացված պետք է սպասարկենք հայկական շահը, հայկական օրակարգը, ինչը ենթադրում է բազմաբնույթ և բազմաբովանդակ գործողություններ:  

- Մեզանում այսօր համակարգված չէ հակառակորդի դեմ քարոզչական պայքարը, հաճախ նույնիսկ պետական մակարդակով տրվող տեղեկությունն ունենում է բացթողումներ և հակասություններ: Դա որքանո՞վ է ի վնաս մեզ աշխատում, և ի՞նչ անելիքներ եք տեսնում այստեղ: 

- «Ազգային Ցանց» մեդիաբանակի առաքելությունը հենց համակարգված մեդիաարշավներ կազմակերպելն է, ինչպես դա անում էինք 2020 թվականի պատերազմի ընթացքում: Այն ժամանակ կարողացանք ձևավորել տեղեկատվական դաշտում ակտիվ գործողություններ անող քաղաքացիների և սփյուռքի ներկայացուցիչների բանակ, բայց քանի որ պատերազմում պարտություն կրեցինք, մարդիկ դեմոտիվացվեցին և դադարեցին առհասարակ որևէ դաշտում պայքար մղելուց: Այդ խմբերը, ցավոք, այլևս չեն արձագանքում հայկական օրակարգին սպասարկելու խնդրին, և մեր նպատակն է նորից փորձել մոբիլիզացնել մարդկանց: Ճիշտ է, այս պահին մեզ համախմբել է «COP29»-ից առաջ հայ ռազմագերիների ազատագրման արշավը, սակայն ազգային մեդիաբանակի խնդիրը հարատև աշխատանք է, այն պետք է դառնա մեր առօրյայի մի մասը: Օրվա մեջ մենք շատ ժամանակ ենք ծախսում անիմաստ կամ անհեթեթ բաների վրա, սակայն 5 րոպե ժամանակ չենք տրամադրում մեր իսկ իրավունքները պաշտպանելուն, հետո էլ զարմանում ենք՝ ինչու ենք պարտվում: Այս հարթակը այն մարդկանց համար է, որոնք պատրաստ են մղել այդ պայքարը, ոչ թե հանձնվել:

- Թշնամիների դեմ տեղեկատվական պայքարում մենք ավելի շատ պատասխանողի կամ պաշտպանվողի դերում ենք, քան նախաձեռնողի: Արդյոք տեսնո՞ւմ եք հնարավորություն դառնալու առավել նախաձեռնող: 

 - Այս պահին մենք գտնվում ենք հիբրիդային պատերազմների շատ ակտիվ փուլում: Առհասարակ այդ պատերազմները չեն էլ դադարում, տարբեր կողմերից մեր դեմ աշխատում են, և մենք էլ շատ հանգիստ հանձնվում ենք, անգամ չենք էլ փորձում դիմակայել: Դա շատ վտանգավոր է, քանի որ իրականում պատերազմները սկսվում են հենց այդպես: Եթե դու տեղեկատվական դաշտում քո օրակարգը չես պաշտպանում, պայքար չես մղում, ապա պատերազմը տեղափոխվում է ակտիվ փուլ, և այդտեղ պարտվում ես: 

Առաջին հերթին պետք է տեղեկատվական մակարդակում դիմադրություն ցույց տանք, հակազդենք: Սակայն դա միակ անելիքը չէ: Պետք է լինել պրոակտիվ: Մենք ասես մի նավակում ենք, որն անընդհատ ճոճում են մեր թշնամիները, իսկ մենք հիմնականում արձագանքողի դերում ենք լինում: «Ազգային Ցանց» մեդիաբանակի նպատակն է լինել նաև ավելի պրոակտիվ և առաջ մղել մեր օրակարգը, որ իրենք ստիպված լինեն պատասխանել այդ նարատիվներին: Դա շատ կարևոր է՝ զբաղված պահել նրանց միտքը: Այդ պատճառով է նաև նախաձեռնվել «COP29»-ին նախորդող այս տեղեկատվական արշավը: Այս արշավին է միացել նաև Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որը օրերս Երևանում կայանալիք բաց հանդիպման ընթացքում ներկայացրեց Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը հասնելու գործնական քայլերը:

-Այս մեդիաարշավի հայտարարության մեջ նշում էիք, որ այն դառնալու է «Ազգային Ցանց» մեդիաբանակի առաջին տեղեկատվական արշավը, որի ընթացքում ուղիղ մեկ ամիս պաշտպանելու եք մեր ազգային օրակարգն ու իրավունքները։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործառույթի իրականացումը: 

- Մեր գերնպատակն է առաջին հերթին այնպես անել, որ արշավը առավելագույն անհարմարություն պատճառի այս գագաթնաժողովին և բոլոր այն պատվիրակներին, որ մասնակցելու են դրան, քանի որ այն նարատիվը, որ տարածում է Ադրբեջանը, թե ինքը խաղաղության օրակարգի առաջնորդ է, պետք է իսպառ քարուքանդ անել, իսկ դրա համար պետք է բերել փաստեր, թիրախավորել բոլոր պատվիրակներին, որ մեկնում են այդ գագաթնաժողովին: Այդ միջոցառումով իրենք փորձում են «ջրել» Բաքվի և Ալիևի ցեղասպան վարքագիծը: Իսկ այս արշավով մենք նպատակ ունենք ցույց տալու աշխարհին Ալիևի իրական դեմքը և խաթարելու այդ միջոցառման սուսիկ-փուսիկ մթնոլորտը՝ ցույց տալով իրական պատկերը և մի քիչ էլ ամոթի զգացում առաջացնելով նրանց մոտ, ովքեր մեկնելու են Բաքու, քանի որ նրանք գիտեն, թե ինչ երկիր են գնում և ինչ պայմաններում կազմակերպված միջոցառման մասնակցում: 

-Այս պայքարում ի՞նչ կարող է անել յուրաքանչյուր հայ անձ: 

- Յուրաքանչյուր անձ կարող է միանալ մեր արշավին և ամենօրյա ռեժիմով նպաստել հայկական օրակարգի առաջմղմանը: Գործունեության մանրամասներին կտեղեկանան այն մարդիկ, որոնք կմիանան մեդիաբանակին: 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն