Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
Արցախից բռնի տեղահանված անձինք, որոնք ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, այսինքն՝ համարվում են փախստական, ՀՀ սահմանները հատելիս պարտադիր պետք է ներկայացնեն կարգավիճակը հավաստող վկայականը։
«Iravaban.net»-ի փոխանցմամբ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը նշեց, որ դա արվում է բացառապես անվտանգության նկատառումներով, նպատակը այդ անձանց պաշտպանելն է։
«Ադրբեջանը հայտարարել էր, որ մի շարք արցախցիների նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Չի բացառվում, որ նման բան կա։ Երբ արդեն կա քաղաքացիություն, և տվյալ երկրի քաղաքացու նկատմամբ մեկ այլ երկիր հայտարարել է հետախուզում, նախ կապ է հաստատվում քաղաքացու պետության հետ, այսինքն՝ անձն արդեն ունի տվյալ պետության պաշտպանությունը։ Եթե չկա քաղաքացիություն, այդտեղ կա վտանգ։ Գոնե պետք է ֆիքսել, որ անձը փախստական է, չունի քաղաքացիություն, բայց ունի պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի կապը մեզ հետ հաստատեն, ոչ թե հետախուզում հայտարարած երկրի։ Փախստականի կարգավիճակը հավաստող վկայականը թույլ է տալիս, որ սահմանն անվտանգ անցնեն։ Իսկ եթե անձը ստանում է քաղաքացիություն սահմանը հատելիս, եթե առաջանա խնդիր, այսպես թե այնպես կապը հաստատվելու է քաղաքացու երկրի հետ, այսինքն՝ Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի»,- նշեց նա։
Այս թեմայի շուրջ «Դետք»-ը զրուցել է փաստաբան Գագիկ Թավադյանի հետ։ Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եղել ու կան։ Քաղաքացիությունը իրավունք է։ Արցախցիները այն ձեռք են բերել, երբ 1989 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի և Արցախի, այն ժամանակ՝ ԼՂ Գերագույն խորհրդի համատեղ որոշում էր ընդունվել, ըստ որի՝ ԼՂ բնակչությունը օգտվում է ՀԽՍՀ քաղաքացիների բոլոր իրավունքներից, որոնց թվում է նաև քաղաքացիությունը։ Ընդ որում՝ այս որոշումը ՀՀ Անկախության հռչակագրի հիմքում է, իսկ հռչակագիրն էլ՝ Սահմանադրության հիմքում։
«ՀՀ քաղաքացիության մասին օրենքով՝ ՀԽՍՀ քաղաքացիները ավտոմատ դառնում են ՀՀ քաղաքացիներ։ Այսինքն՝ հիմք ընդունելով Գերագույն խորհուրդների համատեղ որոշումը՝ Արցախի քաղաքացիները օրենքի ուժով դարձել են ՀՀ քաղաքացիներ, և ըստ այդմ՝ նրանց շնորհվել են ՀՀ քաղաքացու անձնագրեր։ Հիմա ներկայիս իշխանություններն առաջ են քաշում այն թեզը, թե իբր Արցախի քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ չեն։ Եվ այն հիմնավորելու համար ընդամենը 1 փաստարկ են բերում՝ նշելով, որ ժամանակին ՄԻԵԴ-ում «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործ է եղել, որտեղ ՀՀ ներկայացուցիչը դիրքորոշում է ներկայացրել, գերատեսչական որոշման հղում է տվել, որ Արցախի քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացու անձնագրերը ճամփորդական անձնագրեր են։ Այդ իրավական ակտը, որին հղում են տալիս, հայաստանյան իրավական համակարգում չկա»,- նշեց Թավադյանը։
Ինչ վերաբերում է փախստականի կարգավիճակը հավաստող վկայականին, փաստաբանն այն ապօրինի փաստաթուղթ է համարում՝ նշելով․ «ՀՀ քաղաքացին իր երկրում չի կարող լինել փախստական։ Եվ առհասարակ որևէ պետության քաղաքացի իր քաղաքացիության երկրում փախստական լինել չի կարող»։
Ըստ Թավադյանի՝ փախստականի կարգավիճակը հավաստող վկայականը օգտագործում են ՀՀ-ից ելքի և մուտքի ժամանակ․ «Այլ պետություններում այդ վկայականին չեն էլ նայում, տեսնում են՝ ՀՀ քաղաքացու անձնագիր է, որևէ խնդիր չկա։ Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի կարգավիճակը հավաստող վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով։ Հետևաբար եթե մարդը ձերբակալվեց, արգելանք կիրառվեց Ադրբեջանի պահանջով, այս դեպքում չեն նայելու՝ փախստականի վկայական ունի, թե ոչ, այլ նայելու են, որ ՀՀ քաղաքացու անձնագիր կա։ Իսկ ՀՀ-ն պարտավոր է հոգ տանել իր քաղաքացու մասին»։
Ավելացնել նոր մեկնաբանություն