Բաքվի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. փորձագետ
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների համատեքստում, առայժմ անորոշ իրավիճակի և տարածաշրջանում ընթացող լայնածավալ «քարոզչական դիմակայության» պայմաններում, այնուամենայնիվ, հարկ է նաև հիշեցնել.
1. Առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը։
2. Ապրիլի կեսին Թեհրանի կողմից աննախադեպ՝ Իսրայելի տարածքի ուղիղ թիրախավորման «անհամաչափ պատասխանը» Թել Ավիվում խոստանում էին իրականացնել հենց Իրանի ներսում։
3. Իրանի նման մասշտաբային գործողության «անհամաչափ պատասխանը» հնարավոր էր բացառապես այդ երկրին սահմանակից երկրից, որտեղ Իսրայելն ունի լրջագույն հետախուզական, տեխնոլոգիական ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ներկայություն։ Իսկ այդ հարևանը Բաքվի Հանրապետությունն է (խմբ․) հատկապես 44-оրյա ղարաբաղյան պատերազմի արդյունքների համար իսրայելական պարտքերը մարելուց հետո։
Հ.Գ.1. Իրանական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ բոլոր մակարդակներում բանակցությունների ընթացքում մշտապես նախազգուշացնում էին Իսրայելի արկածախնդրության զոհը դառնալու անխուսափելիության մասին...
Հ.Գ.2. Բաքվի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. Բաքվի Հանրապետության (խմբ․) նախագահի, ԱԳ նախարարության խուճապահար արձագանքները նշվածի վառ վկայությունն են»։
Ավելացնել նոր մեկնաբանություն